Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրել ընտանիքում». Արտեմ Ասատրյան. (Տեսանյութ)

Մարտ 10,2014 18:32

Փետրվարի 10-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումներ. հնարավորություններ, մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով համաժողովը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ անցյալ տարի ազգային հանձնաժողովի նիստում ոլորտի խնդիրների քննարկումների հետեւանքով որոշվեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրների համապարփակ վերլուծություններ պետք է իրականացվեն. «Մենք խնդիր ունեինք կոորդինացնելու մեր բոլորի գործողությունները, ջանքերը, միջոցները, որպեսզի դրանք ուղղված լինեն այն նպատակի իրականացմանը, որը մենք բոլորս ձեւակերպել ենք եւ, կարծում եմ, որ դա յուրաքանչյուր քաղաքացու, ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության, մոտեցումն է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրել ընտանիքում, եւ մեր բոլորի քայլերը, ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այդ նպատակի իրականացմանը»:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ք. Հիլիարդը նշեց, որ իրենց կարծիքով հնարավորությունները շատ են, դժվարությունները քիչ են. «Սոցիալական համակարգը, որ դուք ժառանգել եք Խորհրդային տարիներից հիմա սպառել է իր օգտակարությունը»: Տիկին Հիլիարդը նշում է, որ հաստատություններում երեխաների հետ աշխատող մասնագետները չեն վատը, այլ վատն է այն համակարգը, որում նրանք գործում են:

Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումների ծրագրի շրջանակներում ձեւավորված հաշվետվության փորձագիտական խմբի անդամ Վարդան Գեւորգյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ դժվար իրավիճակում հայտնված ընտանիքի երեխաների հոսքը դեպի մանկատներ եւ գիշերօթիկ հաստատություններ շարունակում է աճել. «Հատկապես տագնապահարույց է, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող, հատուկ կարիքներ ունեցող հաշմանդամ երեխաների տեսակարար կշիռն է մեծանում այդպիսի հաստատություններում: Խնամատար ընտանիքի ինստիտուտը, որպես այլընտրանքային խնամքի ինստիտուտ շարունակում է մեր երկրում դանդաղորեն ներգրավվել կամ գրեթե կանգ է առել էս պրոցեսը»:

Մեր այն հարցին,  ի՞նչ ի նկատի ունեն այլընտրանքային հաստատություն ասելով, պրն.Գեւորգյանն ասաց, որ հաստատություն ասելով ի նկատի չունի մանկատուն կամ գիշերօթիկ. «Ցանկացած կառույց, որ որոշակի իրավական ձեւակերպում է ստացել, դա արդեն հաստատություն է, ընտանիքը ինքը հաստատություն է: Անգամ, եթե նոր մանկատուն, ապա դա փոքր` 8-10 հոգանոց ընտանետիպ մանկատներն են: Որտեղ ոչ թե ապրում են մի քանի հարյուր երեխա զորանոցային պայմաններում, այլ 8-10 հոգի` առանձնացված բնակարանում»:

Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Էդուարդ Իսրայելյանն իր գործընկերների հետ միասին պատրաստվում են աջակցել Կրթության եւ գիտության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, «որպեսզի վերակազմակերպեն երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատությունները», ինչպես նաեւ իրականացնեն երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումներ. «Ուղղակի էդ վերակազմակերպումը մի առիթ է, որ մենք մեծ ռեֆորմներ իրականացնենք: Առաջին փուլով նախատեսում ենք իրականացնել 5 մարզում, ինչպես նաեւ Երեւանում` մի քանի հաստատությունում, ընդհանուր թվով 16-17 հաստատություն, բայց պետք է, անպայման, շարունակենք, որպեսզի հանրապետությունում գործող բոլոր հաստատությունները (գիշերօթիկներ, մանկատներ, հատուկ հանրակրթական հաստատություններ) վերակազմակերպվեն»:

Համաժողովի ներկաներից անչափահասների իրավունքների պաշտպանության վարչության պետ Նելլի Դուրյանն ասաց, որ երեխաների, անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում բավականին առաջընթաց կա: Նա համամիտ է համաժողովի ընթացքում հնչած այն շեշտադրման հետ, որ սոցիալական աշխատողների ինստիտուտը պետք է ավելի զարգանա. «Որովհետեւ պետք է նշել, որ ոստիկանությունը ի սկզբանե, դեռեւս 90-ական թվականներից իրականացրեց սոցիալական աշխատողի գործառույթներ նաեւ, որովհետեւ չի եղել այդ ինստիտուտը: Հայտնաբերել այն երեխաներին, որոնք դժվար իրավիճակում են, հայտնաբերել այն երեխաներին, որոնք սոցիալապես ծանր վիճակում են…Դա ընդհանրապես պետք է անի սոցիալական աշխատողը, ինչու չէ, նաեւ ոստիկանը, բայց հիմնական շեշտադրումը պետք է լինի սոցիալական աշխատողի վրա: Եվ, եթե այսօր նախանշվում է, որ հետագայում միգուցե ծրագրեր իրականացվեն, որպեսզի ունենանք կայացած սոցիալական ծառայությունների համակարգ, իհարկե դա ավելի դրական կլինի, որովհետեւ ունենք այսօր խնդիրներ»:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31