Մարտի 6-ին, Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի համար նույն օրը Երեւանում բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը առայժմ մտածում է` ինչպես արձագանքի ոստիկանների` իր բնորոշմամբ ապօրինի գործողություններին:
«Ինչպես միշտ ոստիկանները պարզաբանում չեն տալիս, որովհետեւ իրավագիտակցություն էլ չունեն, որ տան: Իրենց ասում են` բերեք, իրենք տանում են»,-ոստիկանների գործողություններից դժգոհում է ակտիվիստը:
Հիշեցնենք, որ Նախախորհրդարանի տարածած հաղորդագրությունում նշված էր, որ ակցիայի ժամանակ համազգեստավոր և ծպտյալ ոստիկանները փորձել են բռնության գործադրմամբ ապօրինի կերպով բերման ենթարկել Աշտարակ-Ապարան մայրուղու վրա ակցիա անցկացնող Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին, աջակիցներ Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին, Հովհաննես Ղազարյանին Տարոն Սարգսյանին և Տաթև Մայիլյանին: Այդ պահին ակցիայի մասնակից գյուղացիները կանխել են ոստիկանների ապօրինի գործողությունները և թույլ չեն տվել, որ նրանց բերման ենթարկեն: Սակայն Երևան վերադարձի ճանապարհին քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևել են վերջիններիս և երբ Լենինգրադյան փողոցում նրանք իջել են տրանսպորտից, ավելի քան տաս հոգով հարձակվել և դարձյալ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին:
«Քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտենալիս չեն ներկայացել, փաստաթուղթ չեն ցույց տվել, պահանջ չեն ներկայացրել եւ բռնի գործողություններ են կատարել: Բայց մեզ վարչական պատասխանատվության են ենթարկել Վարչական իրավախախտումների մասին օրենքի հայտնի 182 հոդվածով` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեղադրանքով»,- շարունակեց ակտիվիստը` ոստիկանների գործողությունները համարելով քրեական հանցագործություն. «Քանի որ ոստիկանությունն առանց համապատասխան որոշման իրավունք չունի հետապնդում իրականացնել: Սա ոստիկանություն չէ, միլիցայություն է, որի ձեռագիրը նույնն է, օրենքի տառից գաղափար չունեն, միայն կարող են ուժ կիրառել եւ պաշտպանվել օրենքով»
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ