Մարտի 8-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում, տեղացի Մուշվիգ Նամազովի առանձնատան երկրորդ հարկում կայացան հերթական հասարակական լսումները: Մասնակցում էր մոտ 100 մարդ՝ Ադրբեջանից, Վրաստանից եւ Հայաստանից: Հանդիպումը բացվեց Թեքալիի միջնակարգ դպրոցի տնօրեն Հուսեյն Հուսեյնովի ողջյունի խոսքով:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեքալիի գործընթացի մասնակիցներ, հակամարտությունների եւ բանակցությունների Թբիլիսիի միջազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Խուցիշվիլու եւ Նոյեմբերյանի մշակույթի տան տնօրեն Կարինե Ազիբեկյանի հիշատակը: Գ. Խուցիշվիլու այրին հաջողություններ մաղթեց Թեքալիի գործընթացին:
Հարավկովկասյան միության ստեղծման գաղափարին կողմ զեկուցումներով հանդես եկան իրավապաշտպան, շտապ օգնության ծառայության բժիշկ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ղազախ-Աղստաֆայի մասնաճյուղի համակարգող Համիս Մասիմովը, լրագրող, արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, «Իզվեստիա» թերթի Հայաստանի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը, նրանց ընդդիմախոսն էր լրագրող, «Ինտերնյուս –Վրաստան» կազմակերպության աշխատակից, վրացական երկու կայքի խմբագիր Դավիթ Մչեդլիձեն:
Կարդացեք նաև
Զեկուցումներից հետո բանախոսներին տրվեցին հարցեր, եղան մեկնաբանություններ: Համակողմանի արծարծվեց Հարավային Կովկասի երկրների միություն ստեղծելու նպատակահարմարությունը, այդ գործում առկա, անհաղթահարելի թվացող խոչընդոտները, չլուծված հակամարտությունների խնդիրը, Ռուսաստանի գործոնը եւ այլն:
Մասնակիցները մեծ մասը ողջունեց Հարավային Կովկասի միության ստեղծումը, թեեւ նշվեց, որ իրականում շատ դժվարություններ կան այն կենսագործելու համար: Կայացավ քվեարկություն, մասնակիցներից 42-ը կողմ քվեարկեց հարավկովկասյան միությանը , 16-ը՝ դեմ , 3-ը՝ ձեռնպահ: Ուշագրավ է, որ միության դեմ քվեարկածների մեծ մասը Վրաստանի բնակիչներ էին:
Հանդիպման ժամանակ ներկայացվեց Լեւոն Ջավախյանի պատմվածքների «Վերնիսաժ» ժողովածուն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ