Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյան. «Իշխանափոխությունը փոքր հարց է, իսկ կառավարության փոփոխությունն ինձ համար մանրուք է»

Մարտ 10,2014 18:16

«Ես անկոչ հյուր չեմ լինում: Ես ու Կարո Եղնուկյանը ոնց որ անցյալ տարի էր, որ հանդիպեցինք Ծառուկյանի հետ՝ «բացարձակ ժողովրդավարության» թեմայով: Մեր կանոնադրությունն այնպիսին է, որ մեզ պարտադրում է, որ եթե որեւէ մեկը հանդես է գալիս մարդու իրավունքների, ժողովրդավարության նախաձեռնությամբ, ապա մենք ուղղակի պարտավոր ենք համագործակցել: Ես կամ  որեւէ ԱԻՄ-ական խուսանավել դրանից չի կարող, անկախ նրանից, թե դա որեւէ անհատ կլինի, կուսակցություն, թե որեւէ կազմակերպություն: Բայց ուղիղ գծով մենք որեւէ հրավեր չենք ստացել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե չի՞ պատրաստվում մասնակցել ԲՀԿ-ի նախաձեռնած քննարկումների շարքին:

Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ իրենք էլ են հրավիրել բոլոր քաղաքական ուժերին քննարկման, բայց ոչ մեկը չի արձագանքել. «Այնպես որ, ձեր հարցին հստակ պատասխան տալ չեմ կարող: Հրավեր, որ լինի՝ մենք պարտավոր ենք արձագանքել, որովհետեւ դու կարող է ռազմավարական առումով տարբեր մոտեցում ունենաս, գաղափարախոսությամբ տարբեր լինես, բայց, օրինակ, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն…շատ հարցեր կան, որ գաղափարախոսականն անգամ չի հեռացնում իրարից»:

Մեր հարցին՝ այսօր ոչ իշխանական ուժերի կողմից հնարավորություն կա՞ կառավարություն փոխել, իշխանություն փոխել ներկայիս պայմաններում՝ պարոն Հայրիկյանը պատասխանեց.. «Ոչ միայն այս պայմաններում, այլեւ ավելի վատ պայմաններում ավելի մեծ գործեր կարելի է անել, քան իշխանություն փոխելը: Մենք դրա ապացույցն ունենք, չէ՞: 1987-ին, երբ ԱԻՄ-ը ստեղծվեց, կոմունիստական դիկտատուրա էր՝ իր ամբողջ համակարգով եւ մեզ էլ գիժ էին համարում: Իսկ մենք անցնում էինք անկախության հանրաքվեի ճանապարհով: Ընդամենը 4 տարվա  ընթացքում դա դարձավ իրականություն, երբ բոլորի համար բացարձակապես անընդունելի բան էր՝ վերից վար: Այսօր ինչի՞ մասին է խոսքը՝ եթե իշխանափոխության մասին է խոսքը՝ դա փոքր հարց է, իսկ կառավարության փոփոխությունն ինձ համար մանրուք է, նույնիսկ անլուրջ: Բայց իշխանափոխությունը, այսինքն՝ ԱԺ մեծամասնության տրամադրվածության փոփոխությունը կամ նախագահի՝ դա իսկապես լուրջ հարց է: Բայց պիտի հստակեցվի՝ հանուն ինչի: Եթե հանուն նրա է, որ նրա փոխարեն ես լինեմ իշխանավոր՝ ի՞նչ: Դա ցանկացած բանական մարդու համար անհասկանալի է: Բայց եթե սկզբից կա նպատակ…Մեզ մոտ հստակ դրել ենք՝ ազգային արժեքային համակարգ, արտաքին քաղաքականության ռազմավարություն, մարդու իրավունքներ եւ մարդու՝ երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք, բացարձակ ժողովրդավարության մոդել: Հիմա պետք է իմանալ, թե փոփոխությունների ձգտողները մինչեւ ո՞ւր են պատրաստ գնալ: Անկախ նրանից, թե  մինչեւ ուր են պատրաստ գնալ, այն հարցերը, որ մենք կգտնենք, որ օգտակար են, մենք առարկելու իրավունք չունենք: Մենք պիտի օգնության ձեռքն ընդունենք եւ օգնության ձեռք մեկնենք: Մի բան հաստատ է՝ որեւէ  քաղաքական ուժ ինքնուրույն ոչինչ անել չի կարող: Ժամանակին, երբ միայն մենք էինք կոմունիստների մոտ, մենք ասում էինք՝ մենք ու ժողովուրդը հանրաքվեի  կհասնենք եւ հանրաքվեով մեր «այո»-ն կասենք: Հիմա այդ փուլն անցել է, բազմակուսակցական համակարգ է»:

Մեր հարցին՝ ԲՀԿ-ի հետ համագործակցությունները հասարակությունը քննադատում է՝ ասելով, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, դրա մասին հայտարարել է անձամբ Գագիկ Ծառուկյանը, ձեզ համար ԲՀԿ-ի հետ համագործակցության եզրեր գտնելիս ինչքանո՞վ է կարեւոր՝ այդ ուժն իշխանակա՞ն է, ոչ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր քննադատում են այդ համագործակցությունը, ճիշտ են անում, որովհետեւ դեռեւս համագործակցություն չի եղել: Իհարկե, տեղին է քննադատել այն, ինչը չկա, բայց ներկայացվում է որպես համագործակցություն: Բայց ընդհանրապես նայած ինչ նպատակ է դրված եւ ինչ խնդիր է դրված: Եթե խոսում ես իշխանափոխության մասին, պետք է փոխես երկրում իրավիճակը: Եթե դու իշխանափոխության մասին չես խոսում, այլ խոսում ես անձը փոխելու մասին, ապա կարող ես ոչ միայն իշխանամետ լինել,  այլ նաեւ՝ իշխանակիր կարող ես լինել: Դրա համար այստեղ պիտի նախեւառաջ հստակեցվի: Քանի որ մենք հասկանում ենք, որ խնդիրը նախեւառաջ վերաբերվում է մեր ժողովրդին, մենք առաջարկում էինք նաեւ հրապարակային քննարկումներ: Եթե միջկուսակցական հանդիպումներ են՝ հասարակությունից մի քիչ մեկուսացված, նույնիսկ այդ դեպքում պետք է երեւա ինչ նպատակադրումներ ունեն տարբեր քաղաքական ուժեր եւ իրենց նպատակները որքանով են ընդհանրական: Հետո նոր կկարողանան խուսափել կազմակերպչական հարցերի քննադատությունից: Այս պահին համագործակցության փորձ կա, համագործակցություն չկա, հետեւաբար բոլոր քննադատությունները կարելի է տեղին համարել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31