Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Ղրիմի եւ Արցախի միջեւ համեմատությունը սադրանք է Հայաստանի եւ Արցախի նկատմամբ»

Մարտ 10,2014 17:42

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի` մարտի 10-ին հրավիրված քննարկմանը` «Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա» թեմայով, հիմնական բանախոս 1994-1995թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը նախ ուկրաինական իրադարձությունների ժամանակագրությունն առանձնացրեց, նպատակ ունենալով ապացուցել, որ Ռուսաստանը ծրագրավորված քաղաքականություն է տարել Ուկրաինայի նկատմամբ ի սկզբանե:

Նա հիշեցրեց անցյալ տարի մայիսից Ռուսաստանի կողմից սկսած պատժամիջոցները որոշ ուկրաինական ապրանքների նկատմամբ, ամռանը Ուկրաինայի ընդդիմության հայտարարությունը, որ որեւէ գործունեություն չեն ծավալի, որը որեւէ կերպ կարող է խոչընդոտել Ուկրաինայի կողմից` ԵՄ Ասոցացման ընդունմանը: Նոյեմբերին 29-30-ի ցույցերը իշխանությունը դաժանորեն ճնշեցին, դա Ուկրաինայում արդեն կայացած ավանդույթների խախտում էր` ի համեմատություն նախորդ` 2004-ի Մայդանի համեմատությամբ, նշեց Շահնազարյանը: Դեկտեմբերի բռնությունների արդյունքում ցույցերը բազմամարդ դարձան` Բերկուտի դաժանության հրահրման արդյունքում:

Դ. Շահնազարյանը մի հիշարժան դիտարկում արեց. դեկտեմբերի երկուսին, երբ դեռ Մայդանը բացառապես խաղաղ էր, Պուտինը Երեւանում Ուկրաինայում բողոքի ակցիաները «պոգրոմներ» անվանեց, ըստ էության, բացահայտելով Մոսկվայի նպատակները Կիեւում: Հունվարի 16-ին Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունվեցին օրենքներ, որոնք ստացան «դիկտատորական փաթեթ» անվանումը, որով հրահրվեց շարժման նոր որակը, որից հետո, ըստ Շահնազարյանի, արդեն խառնվեցին Ռուսաստանի քարտերը, երբ արդեն իշխանությունները դիպուկահարներով ու հրազենով պատասխանեցին Մայդանին: «Բռնությանը պետք էր հակազդել եւ պաշտպանվել, այլ ճանապարհ չկար»,- նշեց Շահնազարյանը, նկատելով, որ ցուցարարներն այլ ելք չունեին, քան զենքով պաշտպանվելը: Իսկ Յանուկովիչը, նրա բնորոշմամբ` գործիք էր Կրեմլի ձեռքում եւ որեւէ ինքնուրույն որոշում չի ընդունել:

«Ղրիմը օկուպացվել է ռուսական զորքերի կողմից», նշեց Շահնազարյանը հավելելով. «Հանրաքվեի անցկացման վերաբերյալ որոշումները օրինական լինել չեն կարող: Դա խորհրդարան էր, որն աշխատել է գնդացիրների եւ ավտոմատների փողերի տակ եւ օկուպացված պայմաններում: Ղրիմի եւ Արցախի միջեւ համեմատությունը սադրանք է Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Դա նշանակում է` համեմատել Արցախի 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂՒՄ-ի Գերագույն խորհրդի որոշումը` այս որոշման հետ եւ հանրաքվեն` այն խեղկատակության հետ, որը սպասվում է առաջիկայում` Ղրիմում: Այն, ինչ տեղի է ունեցել Ղրիմում` ըստ միջազգային իրավունքի ունի մեկ գնահատական` դա ագրեսիա է եւ օկուպացիա: Ավելին` դա չսադրված ագրեսիա է: Այն ինչ տեղի է ունենում, ոչ թե Ղրիմի, ոչ թե Ուկրաինայի հարց է, այլ` Ռուսաստանի հարց է: ՌԴ-ն փաստորեն հայտարարել է, որ այն, ինչ կոչվում է միջազգային իրավունք, իր համար գոյություն չունի, իր շահերն է համարում միջազգային իրավունք եւ սա ամենամեծ մարտահրավերն է միջազգային հանրությանը: Պուտինը համարում է, որ միջազգային կառույցներին կփոխարինի բռնապետությունը` երկրի ներսում»:

Ըստ Շահնազարյանի` այս ձեռնոցը Ռուսաստանը միջազգային հանրությանը նետեց 2008 թվականին, սակայն միջազգային հանրությունն այն ժամանակ պատրաստ չէր եւ չցանկացավ վերցնել այդ ձեռնոցը: «Մայդանն ու Ուկրաինան ստիպելու են Արեւմուտքին փոխել իրենք քաղաքականությունն ու սկզբունքները: Այն պահից, երբ Ռուսաստանն ընդունի Ղրիմն իր կազմում, այսինքն, իրավականորեն հաստատի անեքսիան` այդ պահից միանալու է պուտինյան Ռուսաստանի փլուզման ժամացույցը: Ռուսաստանն այսօր գտնվում է շատ խոշոր քաղաքական եւ քաղաքակրթական մեկուսացման մեջ: Մինչ այսօր, միայն Բաշար Ասադն է պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը», նկատեց Շահնազարյանը: Նրա կարծիքով` մենք այսօր ապրում ենք նոր աշխարհում եւ մինչեւ պուտինյան կայսրության փլուզումը Ռուսաստանը կարող է նոր չարիքների պատճառ դառնալ, ինչու չէ` նաեւ մեր տարածաշրջանում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31