Շանթ Հարությունյանի գործով անցյալ տարվա նոյեմբերի 5-ին կալանավորվեց հոգեբուժարանից այդ օրը ազատված, Ազատության հրապարակով պատահաբար անցնող Անուշավան Գրիգորյանը:
Նա գտնվում էր բուժման մեջ:
Անուշավան Գրիգորյանը 1999 թվականին զինվորական ծառայության ժամանակ ստացել է հոգեկան հիվանդություն՝ շիզոֆրենիա պարանոիդ ձեւով, դարձել անժամկետ 2-րդ խմբի հաշմանդամ:
Նրան առհասարակ չպիտի զորակոչեին բանակ, քանի որ փախստական էր:
Կարդացեք նաև
Անուշավան Գրիգորյանի պաշտպանությունն իրականացնում է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը:
Նոյեմբերի 5-ին կալանավորված Ա. Գրիգորյանին նոյեմբերի 28-ին տեղափոխել են հոգեբուժարան՝ փորձաքննությունների համար: Մինչ այդ պահվել է կալանավորվածների հետ:
Անուշավանի մայրը՝ Անահիտ Ղարիբյանն այսօր է ստացել հունվարի 10-ի որոշումը, որը կայացրել է նախաքննությունն իրականացնող մարմնի՝ քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանը:
Ի դեպ, հունվարի 10-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի Գ.Մնոյանի որոշմամբ օրինական ներկայացուցիչ էր ճանաչվել նաեւ մայրը: Անահիտ Ղարիբյանն ասում է, որ իր որդին հանիրավի պահվում է հոգեբուժական բժշկական կենտրոնի հատուկ հսկողության բաժանմունքում, ուր մարդասպաններն են, ծանր հանցագործություն կատարած անձինք: Մինչդեռ, որդին անմեղսունակ է, նա մարդ չի սպանել, եւ նրան պետք է պահել ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Սամվել Տոնոյանի որոշման համաձայն, հունվարի 10-ի փորձաքննության արդյունքների վերաբերյալ ստացվել է թիվ 130 եզրակացությունը, ըստ որի Ա.Գրիգորյանը տառապել է եւ տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձեւով, կայուն դեֆեկտով» հոգեկան հիվանդությամբ: Չնայած քննիչն արձանագրել էր.«Ինչպես իրավախախտում կատարելիս, այնպես էլ ներկայումս նա չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը, եւ ղեկավարել դրանք:
Մեղսագրվող արարքի նկատմամբ Անուշավան Գրիգորյանին հարկ է ճանաչել անմեղսունակ, եւ իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողությունների, կարիք ունի խնամքի, հսկողության, հարկադիր բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում», սակայն որոշել է՝ տեղավորել հոգեբուժարանի հատուկ հսկողության բաժանմունքում:
Ա.Գրիգորյանի օրինական ներկայացուցիչն ասում է, որ բուժման ընթացքում էլ որեւէ մեկն իրեն չի ասել, թե որդին վտանգավոր է հանրության համար, նա միշտ գտնվել է ընդհանուր հսկողության տակ, եւ մայրը մտահոգություն ունի, որ հանցագործների մեջ պահելով հիվանդ որդուն կարող են նրա ներաշխարհի վրա ազդել վերջնականապես:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ