Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական քննչական մարմնի ստեղծումը միանշանակ չի ընդունվում

Մարտ 10,2014 16:33

Եթե պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հստակ որոշել է, որ ինքն անձամբ դեմ է քվեարկելու  Քննչական կոմիտեի ստեղծման վերաբերյալ օրինագծին ՝ տարբեր նկատառումներից ելնելով, ապա այն խմբակցությունը, որի անդամ է պատգամավոր Փաշինյանը՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը, դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Ի դեպ, իր «դեմ» լինելու մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց նաեւ ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Հրանտ Բագրատյանը, որը դա բացատրեց նրանով, թե «բարեփոխումների անվան տակ էրոզիայի են ենթարկվում մեր պետականության հիմքերը», կառավարության գործառույթները հանձնվում են նախագահին:

Այդուհանդերձ, խմբակցության անունից հանդես եկող պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ասաց, որ իրենց քվեարկությունը կախված է նրանից, թե այսօր ԱԺ նիստում բարձրացրած խնդիրները կգտնե՞ն իրենց լուծումները օրենքի նախագծում, թե՞ ոչ: Մինչ այդ սակայն նա մտավախություն հայտնեց առ այն, որ Քննչական կոմիտեն, որում միավորվելու են ոստիկանության եւ պաշտպանության նախարարության քննչական բաժինները՝ չի աշխատի: Պարոն Ջհանգիրյանը նկատեց, որ որակյալ քննիչները մեկ տարում չեն ստեղծվում՝ «ես անձամբ քննչական կառույցը վեց տարում եմ կայացրել»,- ասաց նա՝ նկատի ունենալով զինվորական դատախազ աշխատած իր տարիների գործունեությունը:

Օրինագծի համազեկուցող Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ միտք չունի հիմա խոսել այն մասին, թե որքանո՞վ է նպատակահարմար քննչական կոմիտեի ստեղծումը, քանի որ բարեփոխումներն արդեն ընթացքի մեջ են, իսկ ինչ վերաբերում է բովանդակային քննարկումներին, ապա նա կարեւորում է հատկապես քննչական կոմիտեի անկախության երաշխիքների հարցը, եւ համարում է, որ այս օրենքի նախագծով այդ նորաստեղծ մարմնին տրվելիք երաշխիքները պակաս չեն, քան այլ քննչական մարմինների՝ դատախազությանը կամ Հատուկ քննչական կոմիտեին տրված երաշխիքները:

Նա անդրադարձավ պատգամավորների կողմից բարձրացված այլ հարցերի եւս՝ նկատելով, որ նախագիծը լրամշակվել է, բացի այդ, առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նույնպես կաշխատեն դրա վրա:

Նկատենք, որ երբ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում էր քննարկվում  այս մարմնի ստեղծման վերաբերյալ օրենքի նախագիծը, նրա վրա հընթացս լուրջ աշխատանքներ տարվեցին, բազմաթիվ հոդվածներ եւ կետեր ուղղակի հանվեցին, շատերը՝ փոխվեցին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31