Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված մի միջադեպ հիշեց, որը, նրա խոսքերով՝ նողկալի իրողություն է. «2007-ի ապրիլին՝ ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի առաջին օրը, 7 գյուղերի ընտրողների հետ հանդիպումների ընթացքում քննադատել եմ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ինձ մրցակից նրա եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ մրցակցիս քարոզարշավին օժանդակող Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Այդ օրը՝ ուշ երեկոյան ընկերներիս հետ ընթրում էինք իմ տանը: Անակնկալ ինձ զանգահարեց Սուրիկ Խաչատրյանը եւ առաջարկեց այլեւս չքննադատել իրեն եւ Մաքսիմ Հակոբյանին, ումից ստանում էր հսկայական ֆինանսական օգուտներ»:
Սամվել Հարությունյանի պատմելով՝ Սուրիկ Խաչատրյանի խնդրանքը լսելուց հետո հարց է տվել նրան. «Ասացի Սուրի՛կ, իսկ կարելի՞ է քննադատել քո ղեկավարներին եւ Սաշիկ Սարգսյանին: Նա չառարկեց: Ես հավաստիացրեցի, որ իրեն ավելի խիստ եմ քննադատելու եւ այդպես էլ վարվեցի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ