Փետրվարի 21-ին ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար կանչվեց բժիշկ, եւ նրա վիճակի վատթարացման պատճառով հերթական անգամ հետաձգվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նիստը:
Այսօր նիստը նշանակված ժամից ուշ սկսվեց, պատճառն այն էր, որ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը դարձյալ բուժօգնության կարիք էր զգացել, նրան ներարկումներ էին արել շտապօգնության բժիշկները:
Դատավոր Գագիկ Պողոսյանն էլ հայտնեց, որ բժիշկն ասել էր, թե կալանավորը կարող է եւ մասնակցել եւ չմասնակցել դատական նիստին: Որոշակի պատասխան չէր տվել:
Ամբաստանյալի պաշտպան Համազասպ Գրիգորյանը (լուսանկարում) հանդես եկավ միջնորդությամբ, իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը փոխելու համար:
Կարդացեք նաև
Ա.Անդրեասյանը ձերբակալվել է անցյալ տարվա օգոստոսի 5-ին, մեկուսարան տարվել օգոստոսի 8-ին:
Պաշտպանն ասաց, թե նրա վիճակը կտրուկ վատացել է կալանվելուց հետո, գլխուղեղային հիվանդության պատճառով որոշ բաներ չի ընկալում, որ քրեակատարողական հիմնարկում նրա նկատմամբ նվաստացուցիչ պայմաններ են ստեղծվել եւ պատշաճ բուժօգնություն չի ստանում:
Պաշտպանն ասաց, որ Անդրեասյանը պետք է մշտապես գտնվի խնամակալի հսկողության տակ, քանի որ ինքնուրույն չի կարողանում շարժվել, ջուր խմել, նա ընկալունակ չի: Այն հնարավոր առարկությունները, թե կարող է ազատության մեջ գտնվելով խոչընդոտել քննությանը, ազդել վկաների վրա՝ պաշտպանը համարեց հիմնազուրկ:Նա նաեւ շեշտեց, որ դա կարեւոր է իր պաշտպանյալի կյանքը փրկելու համար:
Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, ըստ մեղադրանքի կողմի, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության շնորհիվ, դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։
Ի դեպ, այսօր դատարան էին ներկայացել 3 տուժողները՝ Գալստյանը, Նազարյանը, Թադեւոսյաննն ու նրա ներկայացուցիչը՝ պարոն Շահվերդյանը:
Տուժող Արտակ Գալստյանը նախկինում աշխատել է ԱԱԾ համակարգում, եւ նրա նկատմամբ խարդախության հատկանիշներով առկա է եղել մի քանի գործ:
Դատարանը մերժեց կալանքը փոխելու պաշտպանի միջնորդությունը, մեկ ժամից ավելի գտնվելով խորհրդակցական սենյակում:
Պաշտպանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, ասելով, որ Արթուր Անդրեասյանը վատ է, չի կարողանում հասկանալ: Մեղադրողն ասաց, որ պետք է դիմել քրեակատարողական հիմնարկին, որպեսզի նրանք պատասխանեն, թե ինչ բուժումներ է ստանում կալանավորը, արդյոք կարող է հետագայում մասնակցել դատաքննությանը: Իսկ տուժողներն ու նրանցից մեկի ներկայացուցիչը՝ պարոն Շահվերդյանը դեմ էր նիստը հետաձգելուն, ասելով, թող դատը շարունակվի ՝ տեսնենք:
Դատարանը հետաձգեց, պարզելու, թե արդոք պաշտպանական կողմի ասվածը ճիշտ է՝ քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բուժօգնություն ցույց չեն տալիս, եւ եթե տալիս են, ապա ինչպիսի: Դատական նիստը կշարունակվի մարտի 25-ին:
Ամբաստանյալի մայրը՝ Փառանձեմ Հակոբյանը Aravot.am-ին ասաց, որ իր որդին չի ունեցել արտարժույթի առքուվաճառքի կետ, դա իրենն է եղել, 2005թ-ից գտնվել է Կասյան փողոցի վրա, եւ որ աշխատեցրել է ինքը իր մյուս որդու հետ:
Ամբաստանյալի մայրը նաեւ հայտնեց, որ այս պահի դրությամբ արգելանքի տակ է գտնվում որդու՝ Արթուրի բնակարանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ