Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի մետրոպոլիտենի` աշխատանքից ազատված աշխատակիցների գործը` դատարանում

Մարտ 10,2014 15:01

«Այսօր հայց եմ ներկայացրել Արաբկիր, Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի մետրոպոլիտենի տնօրինության կողմից աշխատանքից ազատված երեք մեքենավար Անդրանիկ Գևորգյանի (լուսանկարում), Գագիկ Գալստյանի և Սևակ Հովհաննիսյանի փաստաբան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի փաստաբան Քրիստինա Գևորգյանը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ աշխատակիցները աշխատանքից ազատվել էին փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելուց հետո:

Մեզ հետ զրույցում Քրիստինա Գևորգյանը տեղեկացրեց, թե մինչև այս շաբաթվա վերջ պարզ կլինի, թե հայցին ինչ ընթացք է տրվել:

Հետաքրքրվեցինք` ի՞նչ հիմքով են հայց ներկայացրել ընդդեմ «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի: Նա պատասխանեց. «Հայցի հիմքն ու առարկան են անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանները, վերականգնել նախկին աշխատանքում: Հարկադիր պարապուրդի համար գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել` մինչև վճռի կատարումը»:

Փաստաբանը մեզ հետ զրույցում ժամանակին նշել էր, թե պատրաստվում է հանդիպել նաև մյուս կողմի հետ: Հետաքրքրվեցինք` ի՞նչ պատասխան է ստացել: Փաստաբանն ասաց. «Մենք գրությամբ ենք դիմել Մետրոպոլիտենին` առաջարկել հարցը լուծել արտադատական ճանապարհով: Իսկ եթե մերժում են առաջարկը, ապա տրամադրել աշխատանքից ազատելու համար զեկուցագրերը: Բայց ստացել ենք մերժում` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ութերորդ հոդվածի առաջին մասի երկրորդ կեսի հիմքով, և հայտնել են, որ միայն դատարանները կարող են հաստատել, թե հիմնավոր է իրենց ազատումը, թե` ոչ»:

Մեր հարցին` ի՞նչ գնահատական կտաք կատարվածին, Քրիստինա Գևորգյանը պատասխանեց. «Այլ կազմակերպությունների հետ նախկինում փորձել ենք արտադատական ճանապարհով հարցեր լուծել, նրանք համաններն էին տրամադրում, որևէ գաղտնիության խնդիր չկար: Ուստի մեզ համար սա զարմանալի է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31