Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատրիցիա Կաս. «Երկար ժամանակ ուզում էի երգել Հայաստանում» (Ֆոտոշարք)

Մարտ 10,2014 14:54

Պատրիցիա Կասը Երեւանում է: Նա երեկ համերգ ունեցավ՝ «Կասը երգում է Պիաֆ» խորագրով, իսկ այսօր ՀՀ արտգործնախարարությունում հանդիպեց լրագրողների հետ: Նրա համերգը Ֆրանկոֆոնիական միջոցառումների համատեքստում էր:

«Շատ երկար ժամանակ ուզում էի երգել Հայաստանում, ուրախ եմ, որ իրականություն դարձավ: Ջերմ, զգացմունքային ընդունելության արժանացա: Իմ սպասելիքները միանգամայն արդարացան: Հույս ունեմ դարձյալ ինչ-որ առիթով կվերադառնամ Հայաստան»,-նշեց սիրված երգչուհին:

«Մեծ երջանկություն է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը մեկնարկել Պատրիցիա Կասի համերգով»,-նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Հավելեց, որ Պատրիցիա Կասի լեզուն ֆրանսերենն է, որը ոչ միայն մտքի, այլեւ սրտի լեզու է:

Պատրիցիա Կասը 1988-ին հայտնի դարձավ հատկապես իր «Մադմուազելը երգում է բլյուզ» ալբոմից հետո: Իսկ ընդհանրապես նա մոր շնորհիվ, որը հսկայական դեր է ունեցել իր արտիստական կարիերայում, 8 տարեկանից երգել է Սիլվի Վարդանի, Դալիդայի, Միրեյ Մաթիեյի երգերը:

«Ես Ձեզ հետ կիսեցի իմ սերը՝ ֆրանսիական երգի հանդեպ, դա հարգանքի տուրք էր էդիթ Պիաֆ լեգենդին: Գիտեմ, որ նա իմ կարիքը չունի, ապրում է երաժշտասերների սրտում: Իսկ ինչու Էդիթ Պիաֆ, որովհետեւ համերգը նրա մահվան հիսնամյա տարելիցին հարգանքի տուրք էր: Նաեւ այն երգացանկը ներկայացրի, որը ինձ վրա էլ է մեծ տպավորություն թողել: Ինձ համար նորույթ էր՝ Էդիթ Պիաֆի երգացանկին զուգահեռ, ներառեցի իմ երգացանկից երգեր: Ուրախ էի նաեւ բացահայտել Հայաստանը, ուրախ եմ, որ հանդիսատեսը գոհ մնաց»,-ասաց երգչուհին:

Պատասխանելով հարցին՝ ինչն է միավորում իրեն ու Պիաֆին իբրեւ մարդ եւ երգչուհի, Պատրիցիա Կաը հայտնեց. «Ես ուզում էի ուղղակի հարգանքի տուրք մատուցել մեծ երգչուհուն, չէի ուզում պատճենել Պիաֆին: Դրա համար ծանոթացել եմ նրա հարցազրույցներին, կյանքի դրվագներին, որպեսզի զգամ կերպարը ու ճիշտ մատուցեմ: Որոշակի ժեստեր էլ կրկնօրինակեցի Պիաֆից, բայց չեմ պատճենել, իրեն այդպես զգացել եմ: Ուղղակի երգել եմ սրտով»:

Երգչուհին նշեց. «Ես միշտ փափուկ խաղալիք արջուկ եմ ինձ հետ տանում, որը մայրիկիս տված խաղալիքն է, այն ինձ համար կարեւոր իր է, էներգիայի փոխանցման աղբյուր է եւ շատ թանկ հուշ»:

Ասուլիսից անմիջապես հետո Պատրիցիա Կասը եւ նրա անձնակազմը հյուրընկալվեցին Երեւանի կոնյակի գործարանում: Կասը դիտեց հայկական կոնյակագործությունը ներկայացնող անիմացիոն տեսանյութ: Մի պահ պատվիրակությունը կանգ առավ «Խաղաղության տակառի» մոտ, որը ստեղծվել է 2001թ ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի: Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. ապիրտ: Տակառը կբացվի այն ժամանակ, երբ կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը:

Կոնյակի գործարանում Պատրիցիա Կասը նվեր ստացավ սահմանափակ խմբաքանակով թողարկված կոնյակ եւ գրառումներ կատարեց հուշագրքում:

Հավելենք, որ Պատրիցիա Կասի այցը եւ համերգը հնարավոր դարձան Երեւանյան հեռանկարներ փառատոնի, ՀՀ ԱԳ եւ մշակույթի նախարարությունների, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Երեւանի Կոնյակի գործարանի շնորհիվ:

kas6 kas2 kas3 kas4 kas5

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31