Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը խոսեցին տարածաշրջանային զարգացումների՝ ուկրաինական դեպքերի ու ներքաղաքական իրավիճակի մասին:
Արմեն Մարտիրոսյանի հայտնած կարծիքը Ուկրաինայի մասին հետեւյալն է՝ նա չի կարողանում հասկանալ, թե ով շահեց ստեղծված իրավիճակից, սակայն ըստ նրա՝ ուկրաինացիները թանկ վճարելով, հնարավորություն ստացան կառուցել երկիր, որը զերծ կմնա կոռուպցիայից, անարդարությունից:
Արտակ Դավթյանն էլ ավելացրեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից պարզ դարձավ, որ Ուկրաինան իր ամբողջության մեջ տանուլ տվեց եւ, որ ուկրաինական իրադարձություններն անպայման իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի վրա, ինչի ականատեսը կլինենք շուտով, ինչ-ինչ գործընթացների տեսքով:
Արմեն Մարտիրոսյանի ձեւակերպմամբ՝Ռուսաստանը Ղրիմն առանձնացնելու դեպքում՝ կոպիտ սխալ թույլ կտա, այնտեղ կակտիվանա իսլամական գործոնը, բացի դա՝ Ռուսաստանն ավելի ագրեսիվ Ուկրաինա կունենա:
Կարդացեք նաև
Անդրադառնալով խորհրդարանական ոչ իշխանական չորս կուսակցությունների համագործակցությանը, Արմեն Մարտիրոսյանը դրական երանգավորեց՝ կապված չորսի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակայի համակարգի ներդրման մասին օրենքի շուրջ խնդիրների քննարկման հետ: Նա նաեւ նշեց, որ չորս ուժերի միջեւ համագործակցության նպատակով տեղի ունեցող հանդիպումների հրավերը իրենց՝ «Ժառանգությանը» կարվի խորհրդարանական ձեւաչափով. «Մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար»,-ասաց նա:
Քաղաքական գործիչների աշխատավարձերի մասին խոսեց Արտակ Դավթյանը, ասելով, թե՝ «Պատգամավորներն էլ մարդ են, նրանց էլ անհրաժեշտ է աշխատավարձերի բարձրացում», եւ, որ սովորաբար պատգամավորի կերպարը ներկայացվում է, իբրեւ նյութապես ապահովվածների, ինչը ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավորի՝ չի համապատասխանում իրականությանը:
«Շատ պատգամավորներ կան, որոնք աշխատավարձերի բարձրացման կարիք ունեն»,- ավելացրեց Արտակ Դավթյանը, կարեւորելով բյուջետային քննարկումներում պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հետ կապված հարցերը:
Արտակ Դավթյանի համոզմամբ՝ բոլորի աշխատավարձերը պետք է բարձրացվեն, սակայն եթե տեսնի, որ իր գործընկերները հրաժարվում են իրենց աշխատավարձերից, ինքն էլ կգնա այդ զոհողությանը՝ պայմանով, որ այդ գումարները ուղղվեն մշակութային ոլորտին, հաշմանդամներին օգնելուն:
Արտակ Դավթյանը հավելեց, որ այս տարվա բյուջեն իրատեսական է ու միտված՝ նվազեցնել աղքատության մակարդակը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Իհարկե,ձեր աշխատավարձերը չպիտի բարձրացվեն, քանի որ ժողովուրդը քաղցած է ,նրանք է են մարդ, որոց հավին եք դուք ուռճացել…