ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր`մարտի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման հրավեր է ստացել: «Կձևավորենք պատվիրակություն և կհանդիպենք»,- ասաց Լեւոն Զուրաբյանը` չբացառեց, որ հետագայում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կհանդիպի Ծառուկյանին. «Չի կարելի բացառել, որ ապագայում կլինեն նաև այլ մակարդակի հանդիպումներ»:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ հանդիպման օրակարգի մասին իրենք մանրամասն խոսել են մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ: Լևոն Զուրաբյանը կարևորելով իշխանափոխությունը՝ ասաց, որ սրանից ավելի գործնական վիճակ չկա, ամեն ինչ արվելու է ժողովրդի միջոցով, որովհետև կաբինետային հանդիպումներով ոչինչ չի փոխվի: «Իմ պատկերացումներով՝ ԲՀԿ-ն վաղուց ընդդիմություն է: Մի պարզ սկզբունք կա՝ ով իշխանություն չէ, ամբողջ աշխարհում համարվում է ընդդիմություն»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ԲՀԿ-ն ինքը չի ուզում իրեն ընդդիմություն համարել, Լևոն Զուրաբյանն ասաց, դա արդեն իրենց գործն է. «Մեզ համար կարևոր են իրենց գործողությունները, իսկ համագործակցության գործողությունները մեզ լիովին բավարարում են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ