Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:
Հանրապետության Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը հայ-սերբական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու և համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սերբիայի միջև դարավոր կապերը բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել: Նախագահի խոսքով, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում 1988թ. աղետալի երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստան օգնության շտապող այն յոթ սերբ օդաչուներին, ովքեր ավիավթարի հետևանքով զոհվեցին Երևանի մատույցներում, և ամեն տարի երկրաշարժի տարելիցին հարգանքի տուրք է մատուցում նույն վայրում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:
Սերժ Սարգսյանը և Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը երկուստեք կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնց արդյունքում, նրանց համոզմամբ, վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ հարաբերություններն ու մի շարք ոլորտներում փոխգործակցությունը:
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս ջանքեր գործադրելու առկա դրական դինամիկան պահպանելու և զարգացնելու համար՝ համակարծիք լինելով, որ քաղաքական, տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը զարգացնելու չիրացված մեծ ներուժ կա:
Կարդացեք նաև
Հանդիպմանը կարևորվել է նաև Սերբիայի կողմից 2015թ. ԵԱՀԿ նախագահության շրջանում Հայաստանի և Սերբիայի միջև փոխշահավետ և սերտ համագործակցությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ