Կիրակի օրը՝ մարտի 9-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվել նաեւ Կապանի տարածաշրջանի Եղեգ գյուղում, որտեղ ընտրվել է ԲՀԿ-ական գյուղապետը: Այստեղ գյուղապետի պաշտոնի համար գրանցվել էր երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Վյաչեսլավ Մարկոսյանը եւ անկուսակցական Գագիկ Խորիկյանը: Ինչպես տեղեկացրել էինք, գյուղապետի պաշտոնի համար անկուսակցական թեկնածուն չէր պայքարում, ձեւական էր առաջադրել իր թեկնածությունը: «Ուղղակի դրել եմ թեկնածությունս, ժողովուրդը կամ կընտրի, կամ էլ չի ընտրի, ոչ էլ քարոզչություն եմ անում», – փոխանցել էր Գագիկ Խորիկյանը:
Այն, որ մրցակցությունը բացակայում է թեկնածուների միջեւ, խոստովանել էր նաեւ գործող ԲՀԿ-ական գյուղապետ Վյաչեսլավ Մարկոսյանը:
Եղեգում 90 ընտրողից ՏԻՄ ընտրությանը մասնակցել է 47 բնակիչ, որից 41-ն ի օգուտ գյուղապետի է քվեարկել, իսկ 5-ը՝ անկուսակցական թեկնածու Գագիկ Խորիկյանի: Նույն օրն ընտրություններ են անցկացվել նաեւ թիվ 37 ընտրատարածքում գտնվող Տորունիք եւ Նժդեհ գյուղական համայնքներում, որտեղ կրկին գործող գյուղապետերն են ընտրվել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ