Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի հանձնաժողով չի ստեղծվի (Տեսանյութ)

Մարտ 10,2014 12:21

Ինչպես եւ սպասվում էր՝ Ազգային ժողովը 66 դեմ, 46 կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց ՀԱԿ խմբակցության նախագիծը՝ «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»:

Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը հավանության չէր արժանացել նաեւ ԱԺ աշխատակազմի փորձաքննության վարչության կողմից: Այնտեղ ասվում է. «Որոշման նախագծի 4-րդ մասի «ա)» ենթակետում ամրագրված է, որ՝

«Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրները իրականացնելիս՝ ա) ծանոթանում է քրեական գործերի նյութերին ՝ պահպանելով նախաքննության տվյալների գաղտնիությունը»: Մինչդեռ, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 266-րդ հոդվածով հստակ ամրագրված է քրեական գործերին ծանոթանալու կարգը, համաձայն որի՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավասություն ունեցող անձանց շրջանակը խիստ սահմանափակ է, որտեղ՝ քրեական գործին ծանոթանալու իրավասություն ունեն միայն դատավարության մասնակիցները: Ուստի, անհասկանալի է եւ ոչ իրատեսական, թե Որոշման նախագծի 1-ին մասում սահմանված՝ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասն անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին եւ զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության ու ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականությունն ու հիմնավորվածությունն ինչպես պետք է ուսումնասիրեն եւ բացահայտեն՝ քրեական գործին ծանոթանալու իրավասություններով օժտված չլինելու պարագայում»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու եւ կոչ արեց բոլորին`ովքեր թաքցնելու եւ վախենալու բան չունեն`քվեարկեն կողմ:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ ամենաշատ պատասխանատվությունը ՀՀԿ-ի վրա է ու իրենք շոուներին կողմնակից չեն: Այս իմաստով, նաեւ քննարկելով նախորդ հանձնաժողովների փորձը, իրենք նպատակահարմար չեն գտնում այդ հանձնաժողովի գոյությունը:

Նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը ցավ հայտնեց, որ ամբողջ քննարկումների ժամանակ այդպես էլ բովանդակային քննարկում չեղավ: Նա նաեւ բարկացած տոնով նկատեց, որ ինքն, իբրեւ նախագծի հեղինակ, շոուի նպատակ չի ունեցել ու ցավում է, որ բոլորը խոսում են մարտի մեկի բացահայտման ցանկությունից, բայց դեմ են քվեարկում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ դեմ քվեարկողների վրա է ծանրանում այդ օրը թափված արյան պատասխանատվությունը:

ՀՅԴ-ն դեռ նախորդ քառօրյայում, հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31