Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնել ուղերձը

Մարտ 10,2014 11:47

Ոչ թե քարոզչական հարձակումներ գործել

Մարտի 8-ը Երեւանում մի խումբ աղջիկներ որոշեցին նշել «ֆեմինիստական» երթով՝ պահպանելով այդպիսով օրվա բուն խորհուրդը: «Առավոտում» եւ այլ լրատվամիջոցներում այդ տեղեկատվությունը բուռն արձագանք գտավ՝ անբարոյականներ, գրանտակերներ, Արեւմուտքին կապկողներ եւ այլն: Երեւի ավելի գերադասելի է հարձակվելուց առաջ հասկանալ այդ աղջիկների ուղերձը: Նրանց  «Ամոթ չէ սովորելը» կոչը ոչ մի նշանակետի չի խփում, որովհետեւ Հայաստանում նման կարծրատիպ, համենայնդեպս, իմ գիտակցական կյանքի օրոք գոյություն չուներ: Ընդհակառակը՝ հայ ծնողները միշտ ձգտել են, որ իրենց զավակները սովորեն եւ դրա համար երբեմն զոհողությունների են գնացել (եւ գնում են):

«Ամոթ չէ աշխատելը» կարգախոսը ճիշտ է միայն մասամբ: Թե առաջներում, թե հիմա կան ինչ-որ նահապետական նախապաշարումների վրա շեղված ամուսիններ, որոնք արգելում են իրենց կանանց աշխատել  առհասարակ, կամ աշխատել այնտեղ, որտեղ այդ կանայք ցանկանում են: Նման տղամարդիկ Հայաստանում փոքրամասնություն են կազմում: «Ամոթ չէ չամուսնանալը»՝ նույն շարքից է: Կան, հավանաբար, ինչ-որ «ջադու պառավներ», որոնք չամուսացած կնոջ հետեւից բամբասում են՝ «որ ամուսնացած չի, ուրեմն մի բան էն չի»: Սակայն այդ պառավներն էլ վճռորոշ զանգված չեն ներկայացնում:

«Ամոթ չէ տուն ուշ տուն գալը»՝ գուցեեւ  ամոթ չէ, բայց ցանկացած ծնող այդ առիթով անհանգստանում է, ինչը բնական է:

Բայց  ես, այնուամենայնիվ, չէի հարձակվի այդ աղջիկների վրա, որովհետեւ պետք է հարգանքով վերաբերվել հանուն սեփական իրավունքների, սեփական ազատության դուրս եկած մարդկանց պահանջներին (եթե բողոքն, իհարկե, խաղաղ է եւ տեղավորվում է օրենքի շրջանակներում), անկախ նրանից՝ դա գրանտով է, թե առանց գրանտի, ճի՞շտ են պահանջների ձեւակերպումները, թե՞ սխալ: Այսօր, ենթադրենք, սխալ են, վաղը ճիշտ կլինեն:

Մեկ այլ օրինակ՝ ավելի լուրջ ոլորտից: Բոլոր այն մարդկանց Ուկրաինայում, որոնք Ռուսաստանի ղեկավարությանը դուր չեն գալիս, ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունն անվանում է «նեոնացիստներ»: Այդ երկրում կան, իհարկե, ծայրահեղ  արմատականներ, որոնք խախտել են օրենքները եւ պետք է կրեն պատասխանատվություն՝ ճիշտ այնպես, ինչպես «Բերկուտի» գործողությունները ղեկավարները, էլ չեմ խոսում ծայրահեղ կոռումպացված ղեկավարության մասին: Բայց եթե խուսափենք  «նեոնացիստ» քարոզչական պիտակից եւ խորանանք այն հարցի մեջ, թե ինչու այդ երկրում կան ազգայնական շարժումներ, ապա դա ունի իր ռացիոնալ բացատրությունը:

Ցանկացած ազգ,  որն անկախ պետություն է ստեղծել, ուզի-չուզի պետք է փնտրի իր ազգային ինքնությունը: Հակառակ դեպքում պարզ չէ, թե ինչու պիտի նման պետություն գոյություն ունենա: Մենք էլ ենք դա անում, բայց քանի որ Հայաստանը (բարեբախտաբար) մոնոէթնիկ պետություն է, ազգայնական գաղափարները մեզանում այնքան էլ մեծ դեր չեն խաղում: Ադրբեջանցիներն էլ են այդ որոնումների մեջ, բայց, ինձ թվում է, սխալ ճանապարհի վրա են եւ, այսպես ասած, «չեղած տեղը» ուզում են մեզնից ինչ-որ բաներ փոխառել՝ փորձելով հանդես գալ որպես «հայերի կողմից ցեղասպանված» ազգ: Չեմ զարմանա, որ նրանց մոտ էլ շուտով առաջանա «Վրեժ» անունը:

Բայց այդ բոլոր որոնումներին պետք է դարձյալ վերաբերվել հարգանքով, առանց պիտակների, առանց քարոզչական հարձակումների: Ցանկացած «ուժային ճնշում» հանգեցնում է բոլոր տեսակի բողոքներում, շարժումներում, որոնումներում անառողջ, ծայրահեղական տարրի ուռճացմանը: Պետք է տեսնել այն ռացիոնալ ուղերձը, որն այդ բոլոր շարժուներում կա:

…1801 թվականի ապրիլի 2-ին ադմիրալ Նելսոնը Դանիայի նավատորմի հետ ճակատամարտում փաստորեն հրաժարվել էր կատարել նահանջի մասին հրամանը՝ հեռադիտակը դնելով չտեսնող աչքին եւ բացականչելով՝ «ես չեմ տեսնում ազդանշանը»: Մենք բոլորս, հատկապես որոշում ընդունողները, տարբեր երեւույթներին այդպես նայելով, ազդանշանը չենք տեսնում: Չենք ուզում տեսնել:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Իւրաքանչիւր իրեն յարգող կին չպէտք է որեւէ շնորհաւորանք ընդունի մարտի 8-ին: Այդ «տօնը» պարզապէս նուաստացուցիչ է: Փառք Աստուծոյ Եւրոպայում, մասնաւորապէս Գերմանիայում նման յիմար տօներ չկան:

    Յ.Գ. Սա կարծէք ծաղր լինի հայ կնոջ համար: Կլոր տարին նրանց իրաւունքները խախտում են, իսկ մարտի 8-ին տղամարդիկ (անշուշտ՝ ոչ բոլորը) բերում մի ծաղիկ են շպրտում (հազար ներողութիւն):

    Եթէ ես կին լինէի, անչափ կը վիրաւորուէի այդ «տօնի» գոյութիւնից:

  2. Հրանտ Պապիկյան says:

    “Ամոթ չէ շնանալը”…))))))))))))

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31