Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն մի կողմից տարածում է հայտարարություն կուտակային վճարների հաշվարկը կատարելու պարտավորության մասին, մյուս կողմից նույն խնդրին վերաբերվող հարցմանը պատասխանում, թե այն գտնվում է ՊԵԿ լիազորությունների շրջանակներում

Մարտ 10,2014 10:59

Ս.թ. մարտի 6-ին հրապարակել էինք ՊԵԿ, ԿԲ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի կողմից կուտակային կենսաթոշակների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կատարված հայտարարությունների հիման վրա վերջիններիս ուղղված գրավոր հարցման` ՊԵԿ-ից ստացված պատասխանի բովանդակությունն ու մեր դիտարկումներն այդ մասին:

Հիշեցնենք, որ այս մարմինները (հետագայում նաև ՀՀ Ֆինանսների նախարարությունը) հանդես էին եկել պարտադիր կուտակային վճարների մասին հրապարակային հայտարարություններով: Նրանք տեսակետ էին հայտնել, որ թեև ՍԴ-ն կասեցրել է կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ Օրենքի որոշ հոդվածներ, սակայն ուժի մեջ է մնում նույն օրենքի 8-րդ հոդվածը: Ուստի գործատուների` կուտակային կենսաթոշակային վճարների հաշվարկման պարտականությունը պահպանվում է:

Հիշեցնենք նաև, որ դիմել էինք վերը նշված մարմիններին հետևյալ հարցերին պատասխանելու խնդրանքով.

• ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով ինչպիսի՞ իրավական հետևանք է նախատեսված այն գործատուների համար, ովքեր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենքի դրույթների համաձայն հանդիսանում են հարկային գործակալ, սակայն 2014թ. հունվար և փետրվար ամիսների համար իրենց աշխատակիցներին վճարվելիք ԱՎՈՒՄ գումարներից չեն հաշվարկի ույն օրենքով սահմանված դրույքաչափերով հաշվարկվող պարտադիր կուտակային վճարները,

• ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով ինչպիսի՞ իրավական հետևանք է նախատեսված այն գործատուների համար, ովքեր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենքի դրույթների համաձայն հանդիսանում են հարկային գործակալ, սակայն 2014թ. հունվար և փետրվար ամիսների համար իրենց աշխատակիցներին վճարվելիք ԱՎՈՒՄ գումարներից կհաշվարկեն ույն օրենքով սահմանված դրույքաչափերով հաշվարկվող պարտադիր կուտակային վճարները, սակայն չեն կատարի դրանց պահումն առձեռն վճարվող ԱՎՈՒՄ գումարներից:

Եվ ահա մեր կազմակերպությունն ստացել է հերթական պատասխանն արդեն ՀՀ ԿԲ կողմից:

Հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վ. Վաետիսյանը նշում է, որ մեր կողմից բարձրացված հարցերը վերաբերվում են ՀՀ Հարկային օրենսդրությանը և առաջարկում է դիմել ՊԵԿ:

Մեր կողմից կարող ենք հերթական անգամ արձանագրել, որ ՀՀ ԿԲ-ն ևս չունի այս հարցի պատասխանը և փաստել, որ չնայած պարտադիր կուտակային վճարների հաշվարկման պարտադիր լինելու մասին ԿԲ տարածած հայտարարությանը` ԿԲ-ն ևս չի կարողանում այն հիմնավորել և հարցն ուղղում է ՊԵԿ-ին:

Հաշվի առնելով այն, որ ՊԵԿ-ը թեև պատասխանել էր մեր հարցմանը, սակայն պատասխանում որպես իր արտահայտած տեսակետի հիմնավորում մեջբերված էին Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ Օրենքի կասեցված հոդվածի (հոդված 76) դրույթները հարկ ենք համարում ևս մեկ անգամ փաստել, որ.
• ՀՀ ԿԲ, ՊԵԿ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (առայժմ չի պատասխանել հարցմանը), Ֆինանսների նախարարության և այլ մարմինների (եթե այդպիսիք եղել են) տարածած հրապարակային հայտարարությունները պարտադիր կուտակային վճարների` չնայած ՀՀ ՍԴ աշխատակարգային որոշման այնուամենայնիվ գործատուների կողմից հաշվարկման պարտավորության առկայության մասին իրավական առումով հիմնավորված չեն` այդ մարմինները դեռևս չեն նշել այն իրավական հետևանքները որոնք վրա կհասնեն, եթե գործատուները չկատարեն կուտակային վճարի հաշվարկ,
• այն գործատուներն ովքեր իրենց աշխատողների հիմնավոր պահանջով չեն կատարելու վճարումներ համապատասխան կամուրջ հաշիվներին, պարզապես կարող են և չպետք է կատարեն նաև կուտակային վճարների հաշվարկ և առավել ևս պահում,
• կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի համաձայն, չկա կուտակային կենսաթոշակային վճարների հաշվարկման առանձին պարտականություն,
• համապատասխան պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները, որոնցով պնդվում է, որ հաշվարկման պարտականությունը չի կասեցված և պահպանվում է որևէ իրավական հիմք չունի, իսկ կուտակային վճարների չհաշվարկումը չի կարող որևէ իրավական հետևանք առաջացնել գործատուների համար (անկախ այն հանգամանքից, թե ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ինչ ցուցանիշ է արտացոլվում դրանց ինքնաշխատ մեխանիզմների աշխատանքի արդյունքում):

Միաժամանակ հորդորում ենք խնդրի կապակցությամբ նմանատիպ հայտարարություններ տարածող պետական մարմիններին հետագայում կատարել բացառապես հիմնավոր և պատճառաբանված հայտարարություններ` խուսափելու համար դրանց օգտագործողների` տվյալ դեպքում գործատուներին մոլորության մեջ գցելու հավանականությունից:

Հ.Գ. Տվյալ իրավիճակում անհասկանալի է մնում ՀՀ ԿԲ մոտեցումը: ԿԲ կողմից ստացված հայտարարությունից պարզ է դառնում, որ ԿԲ-ն կատարել է պաշտոնական հայտարարություն, որով անդրադարձել է իր լիազորությունների շրջանակներից դուրս գտնվող հարցերի: Անհասկանալի է թե ինչպես է ԿԲ-ն մի կողմից տարածում հայտարարություն կուտակային վճարների հաշվարկը կատարելու պարտավորության մասին, մյուս կողմից նույն խնդրին վերաբերվող հարցմանը պատասխանում, թէ այն գտնվում է ՊԵԿ լիազորությունների շրջանակներում:

Մնում է հուսալ, որ այս դեպքը բացառիկ է, և որ ՀՀ ԿԲ-ն այսուհետ կկատարի այնպիսի հայտարարություններ որոնք կգտնվեն իր լիազորությունների շրջանակներում և որոնց վերաբերյալ հարցումներին պատրաստ կլինի և կկարողանա պատասխանել:

Քաղաքացի-Հարկատու-Բիզնես Իրավապաշտպան կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31