Մարտի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Հանդիպման սկզբում Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց առաջնության մասնակիցներին և մրցապայքարում արձանագրված արդյունքները:
Նորին Սրբությունը, ողջունելով շախմատիստների ներկայությունը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ուրախություն հայտնեց, որ մեր երկրում իրականացվում են բազմաթիվ միջազգային միջոցառումներ ինչպես մշակույթի և կրթության, այնպես էլ սպորտի բնագավառում: Անդրադառնալով շախմատի նկատմամբ հայ ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքինª Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ շախմատը, որպես ստեղծագործական մտքի արտահայտություն, ազնվական խաղ է և կարևոր առաքելություն ունի մարդկության կյանքումª իր ոգով նպաստելու ազգերի ու մշակույթների միջև փոխհասկացողության զորացմանը: Վեհափառ Հայրապետը մասնավորապես կարևորեց շախմատի բարերար ներգործությունն անձի մեջ դրական որակների ու հատկությունների կերտման, նրա կերպարի ձևավորման գործում:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանեց առաջնության մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր սպորտաձևերի նկատմամբ Եկեղեցու վերաբերմունքին, Հայ Եկեղեցու պատմությանն ու դերակատարությանը հասարակական կյանքում, ինչպես նաև ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործում Եկեղեցու մասնակցությանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ