ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում վերսկսվել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին աշխատակից Ա. Մ.-ի կողմից յուրացման եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ հարկադիր կատարող Ա. Մ.-ն 2013թ. ընթացքում իր վարույթում գտնվող մեկ տասնյակից ավել կատարողական վարույթներով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հայցերով պարտապաններից` ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերի` ՀՀ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների միջոցով ՀՀ պետական բյուջե փոխանցելու համար գանձված, համապատասխան անդորրագրերով իրեն վստահված խոշոր չափերի գումարը ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի վճարել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացրել է:
2014թ. փետրվարի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողից ստացվել է գրություն` այն մասին, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ՀՀ ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի նախկին հարկադիր կատարող Ա. Մ.-ի կողմից հարուցված կատարողական վարույթների լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ առկա է ևս մեկ կատարողական վարույթ, որով բռնագանձված գումարը չի մուտքագրվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին:
Հիշեցնենք նաև, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն