Shamshyan.com. Այսօր` մարտի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Բագրատունյաց պողոտայում թիվ 1/4 հասցեի դիմաց (Երեւանյան լճի հարեւանությամբ) վրաերթ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ հոգի տեղում մահացել է, եւս մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում էր նաեւ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունը տեղում պարզել է, որ նշված հասցեի դիմաց անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 25-30 տարեկան տղամարդու եւ Ջրվեժ գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Գյուլումյանին, որից հետո վերջինս հանդիպակած երթեւեկելի գոտի շպրտվելուց հետո վրաերթի է ենթարկվել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Սրապիոնյանի կողմից վարած Օպել մակնիշի 34 TՍ 843 համարանիշի ավտոմեքենայի կողմից:
Վրաերթի հետեւանքով անձը չպարզած տղամարդը տեղում մահացել է, իսկ Ա. Գյուլումյանը Շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան եւ նրա վարորդին հայտնաբերելու, ինչպես նաեւ մահացածի ինքնությունը ճշտելու ուղղությամբ:
Հրապարակուն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: