Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կազմակերպված տոնական համերգին կողք կողքի էին նստել Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կանայք: Քոչարյանի կնոջ կողքին էր նստած Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը: Դահլիճում էին նաեւ Հրանտ Մաթեւոսյանի եւ Վանո Սիրադեղյանի տիկնայք: Իշխող կուսակցության շարքերում գտնվող կանայք, ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, արվեստագետներ եւ այլք՝ նրանք բոլորն այս համերգին ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով:
Մարտի 8-ի այս համերգը կազմակերպել էր «Շարմ» ընկերությունը:
Եվ եթե լեփ լեցուն դահլիճում միայն կանայք էին՝ բեմում էլ միայն տղամարդիկ էին: Անգամ «Երաժշտական փոստարկղի» ծաղրանմանությունը կատարեց տղամարդ՝ Աշոտ Ղազարյանը: Նամակների նրա ընթերցումից անկեղծորեն զվարճանում էր «Երաժշտական փոստարկղի» դահլիճում գտնվող իսկական հաղորդավարը՝ Սուսաննա Շահինյանը:
Մինչդեռ «Վիտամին» ակումբի բեմադրության մեջ ղարաբաղցի մատուցողի կերպարը եւ այս կապակցությամբ սրամտությունը, թե այդ ո՞նց է, որ համ ղարաբաղցի է, բայց համ էլ մատուցող է՝ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների ղարաբաղցի տիկնայք ունկնդրեցին լուրջ դեմքով:
Կարդացեք նաև
Համերգի ընթացքում հաղորդավարներից մեկը՝ Հրանտ Թոխատյանը զանգահարում էր տարբեր գործիչների, որ նրանք իրենց շնորհավորանքները փոխանցեն կանանց ու որոշեն հաղթողներին: Մասնավորապես զանգահարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանին, որի խոսքն իրեն բնորոշ ոճով այնքան երկարեց, որ պրն Թոխատյանը զարմացավ, թե ինչու մինչ այժմ մարքսիզմը չի հաղթանակել: Ռիտա Սարգսյանի փոխանցած հեռախոսահամարով՝ Հրանտ Թոխատյանը զանգահարեց նաեւ նրա ամուսնուն՝ Սերժ Սարգսյանին, ընդ որում՝ կեսկատակ խոստացավ հետո այդ հեռախոսահամարով թուղթը կուլ տալ:
Դահլիճ մտնելիս բոլոր կանանց նվիրեցին հովհարներ, իսկ դուրս գալիս՝ վարդեր:
Լուսանկարը՝ armenpress.am-ի, տեսանյութը՝ Araratnews Lratvakan-ի
Հետաքրքիր հոդված էր, հատկապես նախավերջին նախադասությունը: