ՄՕԿ-ի, ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ «Համերաշխություն» ծրագրի շրջանակներում Երեւանում անցկացվեց մարզաձեւի սեմինար, որը վարել է գերմանացի մասնագետ Գյունտեր Հյուբերը:
Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ հանրապետության մարզերի 15 մարզիչներ, ինչպես նաեւ Թբիլիսիից ժամանած հինգ մասնագետներ են մասնակցել սեմինարին, ինչը նրանց որակավորումը բարձրացնելու, իրենց երկրում եւ արտասահմանում աշխատելու իրավունք է տալիս:
Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Բյուզանդ Կասաբյանը գերմանացի մարզչի հետ գործուղել է նաեւ զուգախաղերում Եվրոպայի պատանիների չեմպիոն Ստոեւա քույրերին, որոնց հետ մեր մարզիկների խաղերը փորձի կուտակման առումով կարեւոր նշանակություն ունեցան: Մանավանդ, որ Հայաստանի բադմինթոնիստները պատրաստվում են մարտի 19-23-ը Անկարայում կայանալիք Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությանը, որից հետո մեկնելու են Մալայզիա՝ մասնակցելու ապրիլի 6-18-ը անցկացվելիք աշխարհի պատանիների առաջնությանը:
Այսօր Գյունտեր Հյուբերը հավաստագրեր հանձնեց մարզիչներին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ