Հայ-թուրքմենական հարաբերությունների օրակարգային հարցերի դիտարկման, երկկողմ ձևաչափում նախատեսված ծրագրերի ու փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում, մարտի 5-8-ը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ Մշակույթի նախարարության և Հայկական զարգացման գործակալության ներկայացուցիչներ, գտնվում էր Թուրքմենստանում։
Աշխաբադում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հանդիպումներ ունեցավ Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի և իր գործընկեր՝ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Բերդինիյազ Մյատիևի հետ։
Կայացած հանդիպումներին քննարկվեցին բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ Երևանի և Աշխաբադի կողմից ձեռնարկվող համատեղ քայլերի ընթացքը: Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման, ինչպես նաև բազմակողմ ձևաչափում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին:
Երկուստեք գոհունակությամբ նշվեց վերջին շրջանի հայ-թուրքմենական հարաբերություններում առկա զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ փոխգործակցությանը։
Կարդացեք նաև
Հայկական պատվիրակությունը հանդիպումներ անցկացրեց նաև Թուրքմենստանի Մշակույթի նախարար Գունչա Մամեդովայի, ինչպես նաև Թուրքմենստանի Առևտրաարդյունաբերական պալատի և Արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարության հետ՝ կապված Թուրքմենստանում նախատեսվող բիզնես-ֆորումի և Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ