ԱՄՆ երկու սենատորներ Ղրիմում ստեղծված իրավիճակի համար Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից (ՖԻՖԱ) խնդրել են Ռուսաստանին թույլ չտալ մասնակցել 2014թ. աշխարհի առաջնությանը և զրկել 2018թ. Ռուսաստանում առաջնությունն անցկացնելու իրավունքից: Հայտնում է «Գարդյան» թերթը:
Հանրապետականներ Մարկ Քըրքը Իլինոյսից և Դեն Քոութսը Ինդիանայից ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերին ուղղված նամակում հիշեցրել են, որ Հարավսլավիային զրկել էին 1992թ. Եվրոպայի առաջնությանը և 1994թ. աշխարհի մրցաշարի մասնակցությունից.
«Քանի որ Ռուսաստանը [Հարավսլավիայի պես] խիստ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ՖԻՖԱ-ի հիմնարար սկզբունքների և միջազգային օրենքների նկատմամբ, հույս ունենք, որ համաձայն կլինեք, որ նա արժանի չէ ո՛չ ընդունելու, ո՛չ էլ մասնակցելու աշխարհի առաջնությանը», – ասված է նամակում: Ռուսաստանի սպորտի նախարար և 2018թ. աշխարհի առաջնության կազմկոմիտեի ղեկավար Վիտալի Մուտկոն ՖԻՖԱ-ի խորհրդի անդամ է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ