«Մենք ցույց կտանք այն մայրերին, ովքեր հերոսաբար բազմաթիվ երեխաներ են ունենում, վստահաբար ունենան բազմաթիվ երեխաներ եւ չմտածեն, այլ պարզապես մտածեն, որ պետությունը իրենց կողքին է, եւ իրենք որքան խնդիրներ ու խոչընդոտներ ունեն, անպայման պետական հոգածությամբ լուծվելու են այդ խնդիրները»,- այսօր՝ մարտի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Նա, անդրադառնալով մինչեւ 2 տարեկան երեխաներ ունեցող աշխատող մայրերի մասին օրենքին, որին համաձայն նրանք պետք է յուրաքանչյուր ամիս ստանան 18000 դրամ, հայտարարեց՝ օրենքում խտրականություն կա.
«Եթե պետության կողմից հաշվի առնվեր աշխատող մոր կերպարը, ապա այդ տեսանկյունից մենք պետք է նայենք, որ աշխատող մայրը հնարավորություն է ունեցել աշխատել, եւ մինչեւ 2 տարեկան երեխային պահելու համար ստանում է 18000 դրամ գումար։ Իսկ այն մայրերը, ովքեր չեն աշխատե՞լ՝ պատճառները մենք հստակ գիտենք՝ ինչո՞ւ չի աշխատում երիտասարդությունը, առավել եւս մարզերում. աշխատատեղեր չկան»։
Նա առաջարկում է այդ գումարը տալ մինչեւ երկու տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերին։
Կարդացեք նաև
Իսկ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ այսօրվա խորհրդարանի դերը բարձրանում է, եւ կարծում է, որ այդ գործում մեծ դերակատարություն ունեն կանայք։ Նա նշեց նաեւ, որ դեմ է ֆեմինիստական կազակերպություններին, քանի որ համարում է, որ կնոջ ուժը կանացիությունը եւ կանացի «թուլությունն» է.
«Բոլորովին պետք չէ, որ կանայք ձգտեն տղամարդավարի կամ տղամարդկանց հավասար լինել, կանայք պետք է ձգտեն օգտագործել իրենց կանացիությունը իրենց խնդիրները եւ ընդհանրապես մարդկանց խնդիրները լուծելու համար։ Կարծում եմ՝ այսպես մտածելով կանայք ավելի շատ կշահեն, քան հակառակը»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ