Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
«Հայ ժողովրդի գոյատևման, պայքարի, մաքառումների, ինքնահաստատման և զարգացման գործում անփոխարինելի է եղել հայ կնոջ դերը: Նա ոչ միայն բնության մենաշնորհով շարունակել է ազգիս գոյը, այլեւ ամուր սյուն է հանդիսացել նրա պահպանման գործում: Եվ այսօր էլ, մեր օրերում, նորովի հրամայական պահանջ է հասարակական-քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացումն և հավասար ու բարենպաստ պայմանների ստեղծումը, որը հիմք կհանդիսանա կնոջ` իր իրավունքների և հնարավորությունների լիարժեք իրացմանը:
Այս մեկ ամիսը ինչպես կանանց մեծարելու, այնպես էլ նրանց խնդիրների վրա առավել ուշադրություն դարձնելու ևս մեկ առիթ է: Հայ կինը, մշտապես լինելով մեր հասարակության, թերևս, ամենաանպաշտպան խավը, այնուամենայնիվ, կրում է պատասխանատվության և աշխատանքի մեծ բեռ և ընտանիքում և աշխատանքում, և, ընդհանրապես, հասարակության մեջ: Այո, որքան էլ մեզանում կնոջ դերը արժևորվում է, այնուամենայնիվ, ժամանակը իր հետ բերում է խնդիրներ, որոնք անընդմեջ լուծման կարիք ունեն:
Անկախացումից ի վեր հայ կինը անցավ բազում դժվարությունների միջով` պարտադրված պատերազմ, սոցիալական ծանր պայմաններ: Այսօր էլ դժվար ժամանակներ են` բայց ես համոզված եմ, որ կհաղթահարվեն նաև այդ դժվարությունները, քանզի հայ կինը միշտ էլ աչքի է ընկել իր խելացիությամբ ու քաջությամբ, դժվարություններին դիմանալու և դրանք հաղթահարելու հատկությամբ, աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ:
Կարդացեք նաև
Սիրելի կանայք,
Գարնան, գեղեցկության, սիրո այս հրաշալի տոների առթիվ շնորհավորում եմ ձեզ: Ցանկանում եմ, որ լինեք գարնան պես միշտ լուսավոր ու կենսատու: Խոչնդոտները թող լինեն ժամանակին ու հաղթահարելի: Դրական լուծումները թող բերկրանք պարգևեն ձեզ և ազգիս` բազմիցս հպարտանալու հնարավորություն ընձեռելով հայ ազգի որդիներին իրենց մայրերով, քույրերով: Հաջողությունը թող ուղեկցի և փարոս դարձած լուսավորի ձեր ճանապարհը: Եղեք հաջողակ, առողջ և երջանիկ»: