Թեեւ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանական ոչ իշխանական քառյակի օրակարգում կար մինչեւ մարտի 1-ի հանրահավաքը, սակայն հիմքերը հստակեցված չէին: Իսկ հստակեցնելու համար պահանջվում են երկարատեւ ու խորքային քննարկումներ, քանի որ չորս ուժերից յուրաքանչյուրն իր ձեւաչափն ու շեշտադրումներն ունի: Երեքը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», համակարգային փոփոխության պահանջի ընդհանուր եզրեր ունեն, իսկ ԲՀԿ-ի պահանջը կոնկրետ է` վարչապետի պաշտոնը: Այս հակասությունների շուրջ փոխզիջման գալը մոտ ապագայում տեսանելի չէ, այսպես են կարծում այդ ուժերի որոշ ներկայացուցիչներ: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը բացահայտ հայտարարում է, որ հակասությունների մասին պայմանավորվել են չխոսել՝ շահարկումներից խուսափելու նպատակով:
– Պարոն Հակոբյան, ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու հիմքերն արդեն պատրա՞ստ են, թե՞ նոր պիտի հստակեցվեն:
– Տարբեր առիթներով ասել եմ, որ այն քննարկումները, որ կան չորս ոչ իշխանական ուժերի միջեւ, եւ այդ ձեւակերպումը` «կառավարությանն անվստահություն հայտնելը», համարժեք չեն քննարկումների բովանդակությանը, այն ավելի ամբողջական է: Ամենատարբեր մոտեցումները կան` սկսած նախագահի իմպիչմենտից մինչեւ կառավարության հրաժարականը: Քննարկումների հիմքում այլընտրանքի հարցն է` Պողոսին Պետրոսո՞վ ենք փոխարինում, թե՞ այլընտրանքային համակարգ առաջարկում: Եվ քննարկումների բովանդակությունը հենց այս կտրվածքով պետք է դիտարկել, հակառակ դեպքում ոչինչ չի փոխվելու: Խոսքը համակարգային փոփոխության մասին է, եւ դրա համար լուրջ աշխատանք է կատարվում, որպեսզի կարողանանք փաթեթով ներկայանալ եւ կգնանք այդ քայլին այն ժամանակ, երբ փաթեթը համոզիչ կլինի ու կտա հասարակությանը հուզող հարցերի պատասխանները:
–Իսկ քննարկումների ընթացքում կա՞ն կոնկրետ հարցեր, որոնց շուրջ փոխհամաձայնության չեք կարող հանգել:
Կարդացեք նաև
– Ասեմ հետեւյալը. մենք ունենք մի սկզբունք` խոսենք այն հարցերի մասին, որոնց շուրջ կա հստակ կոնսենսուս: Իսկ թե ինչ հարցեր կան, որոնք դեռ քննարկվում են, կամ ինչ հակասություններ կան, պայմանավորվել ենք այդ հարցերի մասին չբարձրաձայնել:
– Ինչո՞ւ, հակասությունների մասին խոսելով` ինչի՞ն եք վնասելու:
– Վնասելու հարց չկա, ուղղակի մենք պայմանավորվել ենք կոնսենսուսով կայացած հարցերի մասին միայն խոսել: Որովհետեւ, երբ ինչ-որ փակագծեր են բացվում, միանգամից դրան հաջորդում են շահարկումները, թե բա ասում էիք կային ընդհանրություններ, բա ո՞նց եղավ, որ այս հակասություններն ի հայտ եկան: Մեր քաղաքական ու լրատվական դաշտը, իմ կարծիքով, ինտրիգների մեջ է, ու հիմնական հարցերը տեղափոխում են այլ հարթություն: Մեր համագործակցության սկզբունքներից մեկն էլ այն է, որ խոսենք միայն այն հարցերի մասին, որը կոնսենսուս ունի, մնացածը չմեկնաբանենք:
– Գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստանը» տեւական ժամանակ պայքար է մղում կոնկրետ նպատակի` վարչապետի պաշտոնի համար: Արդյո՞ք այս նպատակը չի հակասում համակարգային փոփոխության եռյակի պահանջին:
– Դա Ձեր գնահատականն է, ես նկատել եմ, որ բոլոր չորս ուժերի մոտ էլ կա համակարգային փոփոխության խնդիր:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: