Երեկ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաալիքին ասել է, թե մյուս շաբաթ ԲՀԿ-ն ուրախ կլինի հյուրընկալել Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգության» ներկայացուցիչներին: Այս հայտարարության վերաբերյալ զրուցեցինք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
– Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգությունը» մյուս շաբաթ կգնա՞ հանդիպման «Բարգավաճ Հայաստանի» հետ:
– Եթե նմանատիպ հրավերք լինի, խնդիր չեմ տեսնում: Համենայնդեպս, այս պահին պարոն Հովհաննիսյանը Հայաստանում չէ: Տեղյակ եք, որ ԵԺԿ-ի ասամբլեային է մասնակցել: Կվերադառնա, էդ հարցը կքննարկենք, և պարզ կլինի:
Ցանկացած քաղաքական ուժ, ով ցանկանում է մեզ հետ խորհրդակցել, մենք միշտ բաց ենք: Այդ թվում` նաև ԲՀԿ-ի հետ պատրաստ ենք քննարկել այն խնդիրները, որոնք կան երկրի առջև, և դրանց ուղղությամբ ինչ քայլեր ենք տեսնում: «Ժառանգությունը» տևական ժամանակ միասնականության կողմնակից է եղել, և Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մեկ անգամ է դրա մասին խոսել: Փետրվարի 18-ի իր ուղերձում ևս պարոն Հովհաննիսյանն այդ խնդրին անդրադարձ կատարեց, որ միասնական քայլերով և միասնական օրակարգով է անհրաժեշտ առաջ շարժվել:
Կարդացեք նաև
– Չե՞ք կարծում, որ այսպիսով, Գագիկ Ծառուկյանը ընդդիմության համախմբողի, լիդերի հայտ է ներկայացնում:
– Ես կարծում եմ` լիդերի խնդիր ոչ ոք չի դրել, որին շատ դրական եմ նայում: Բոլորի համար էլ պարզ է, որ միասնական գործունեության «ճանապարհային քարտեզը», ըստ էության, համատեղ գործունեություն է ենթադրում:
– Այս փուլում համախմբողի դերում մի կուսակցություն է, որն իրեն նույնիսկ ընդդիմություն չի համարում:
– Ես չեմ լսել, որ իրենք ասեն` մենք լիդերության հայտ ենք ներկայացնում կամ առաջնորդողի: Կարծեք թե բոլորը միասնության կոչ են անում, ուստի և այդ ֆորմատում էլ առաջ են շարժվում:
– ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին համեմատեց Իվանիշվիլիի հետ: Համաձա՞յն եք այդ համեմատությանը:
– Կարծում եմ` Տեր-Պետրոսյանն ինքը կասի` որքանով է հիմնավորված կամ ոչ: Իսկ անձերի հետ կապված խնդիր չեմ քննարկում: Քաղաքական ուղեգծի մասին կարող եմ ասել. բոլորիս քաղաքական ուղեգիծը մեկը կարող է լինել` այն, ինչ պահանջում է ժողովուրդը: Իսկ ժողովուրդը պահանջում է արմատական իշխանափոխություն և արմատական բարեփոխումներ և երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից:
Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: