Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանին և Ուկրաինային պետք չէ պարտադրել ընտրություն կատարել. Civilnet.am

Մարտ 08,2014 10:40
vardan oskanyan

«ՍիվիլՆեթ». «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության խնդրանքով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոդված է գրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որը հրապարակվել է «Ալ Ջազիրա»-ի կայքում: «Նախկին խորհրդային հանրապետություններ. վախ, մտահոգություն, վրդովմունք: ԽՍՀՄ փլուզումից 23 տարի անց Ռուսաստանն ու Արևմուտքը դեռևս վիճում են միջազգային նոր կարգի համար» վերնագրված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:  

Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռացումից ի վեր Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններն այստեղ՝ Հայաստանում, վախի, անհանգստության և հախուռն նոր վրդովմունքի տրամադրություններ են ծնում։ Անկասկած, նույն տրամադրությունները կան հետխորհրդային հանրապետությունների մեծ մասում, հատկապես այն երկրներում, որոնք Եվրոպական Միության Ասոցացման համաձայնագրի նախկին կամ ներկա թեկնածուներ էին։

Վախը գալիս է այն մտքից, որ սա կարող էր պատահել մեզանից յուրաքանչուրի հետ: Մտահոգությունը բխում է Արևմուտքի՝ Ռուսաստանին մեկուսացնելու մտադրությունների հրապարակային հայտարարություններից, իսկ վրդովմունքը՝ այն փաստից, որ ԽՍՀՄ փլուզումից 23 տարի անց Ռուսաստանն ու Արևմուտքը դեռ վիճում են միջազգային նոր կարգի և մեր շուրջ։

Ռուսական հարկադրա՞նք

Ռուսաստանի և Արևմուտքի միջև այս փակուղին նման է երեխաների խնամակալությունը ստանձնելու շուրջ ամուսնալուծության վեճի, երբ երեխաներին ստիպում են ընտրություն կատարել։ Սակայն Հայաստանն ու Ուկրաինան չափահաս են, և նրանց պետք չէ պարտադրել ընտրություն կատարել։

Եվրոպական Միության հետ Ասոցացման ճանապարհի սկզբում թվում էր՝ գիտենք, թե ինչ ենք ուզում և ուր ենք գնում։ Սակայն այժմ, տարբեր ձևերով, մենք հայտնվել ենք բոլորովին այլ տեղում։ Յանուկովիչը, հաշվարկելով Ուկրաինայի օգուտները և վնասները, նախ որոշեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց հետո, երբ փոխվեցին օգուտի ու վնասի հաշվարկները, առկախեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը։

Քանի որ եվրոպամետները նրան դուրս մղեցին, և Ռուսաստանը գործողությունների դիմեց, բոլոր ենթադրություները, կասկածներն ու գուշակությունները, որոնք խոսում էին Ռուսաստանի կողմից ճնշումների ու հարկադրանքի մասին, ի դերև ելան։ Իսկապես, առևտրային արգելքները, Ուկրաինայի համար գազի սակագնի զեղչից հրաժարումը և, ամենակարևորը, Ղրիմի անջատումը Ուկրաինայից այն խաղաքարտերն էին, որոնք Ռուսաստանը բացահայտ դրեց սեղանի վրա՝ Ուկրաինային իր գիրկը բերելու համար:

Մենք գիտենք։ Հայաստանի դեպքն առանձնապես տարբեր չէր դրանից։ Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը վերահաստատում է Հայաստանի՝ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը միանալու ընտրության անխուսափելիությունը և տարբեր այն գործոնները, որոնք նժարը թեքում էին Հայաստանի՝ դեպի հյուսիս գնալու որոշման կողմ՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարումով։ Ինչպես Ուկրաինայի դեպքում, Հայաստանում ևս կային գազի սակագնի և առևտրային հարաբերությունների հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ապագայի խնդիրը։ Թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Ղրիմը, տարբեր ժամանակներում տարբեր առաջնորդների օրոք մի հանրապետության կազմից հանվել և մտցվել են մեկ այլ հանրապետության կազմ՝ էթնիկապես տարբեր և պատմականորեն հակադիր:

Աշխարհում յուրաքանչյուր տարածաշրջան պատմության որոշակի հատվածում զգացել է իր պահը «հաշտության, որ վերջ է դնում ամեն խաղաղության» [բառախաղ է ամերիկացի պատմաբան Դեյվիդ Ֆրոմկինի համանուն գրքից՝ A Peace to End All Peace, որում հեղինակը նկարագրում է Օսմանյան կայսրության անկումը և որպես հետևանք Մերձավոր Արևելքում տեղի ունեցած արմատական փոփոխությունները – խմբ.]։ Եթե Դեյվիդ Ֆրոմկինը դա ասում էր այսօրվա Միջին Արևելքի մասին՝ Առաջին աշխարհամարտից հետո հաշտության միջնորդավորված գործարքների մասին, ապա հետխորհրդային տարածքի դեպքում ներկայիս խնդիրները գալիս են Ստալինի և Խրուշչովի ձեռնարկած հաշտության քայլերից, նրանց՝ «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունից։

Գրեթե չկար խորհրդային որևէ հանրապետություն, որի ներսում չլիներ պայթյունավտանգ ռումբը՝ ի դեմս որևէ ինքնավար շրջանի կամ հանրապետության։ Խորհրդային սահմանադրության համաձայն՝ եթե որևէ հանրապետություն ԽՍՀՄ-ից անջատվելու որոշում կայացներ, ապա այդ հանրապետության ինքավար միավորները կարող էին առանձին հանրաքվե անցկացնել՝ որոշելու իրենց սեփական ճակատագիրը։ Այսպիսով, Կրեմլի կողմից միտումնավոր ստեղծված աշխարհագրական ու էթնիկական խճանկարը նախատեսված էր որպես տարաձայնություններից ու անջատողականությունից ապահովագրության միջոց։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղվյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31