Ստյոպա Սաֆարյանը՝ ՎՊ-ի մասին նոր որոշման փաթեթի եւ դրա վերաբերյալ արդարադատության նախարարի կարծիքի մասին
Կառավարությունը մարտի 6-ի իր որոշմամբ հանձն է առնում Վերահսկիչ պալատը վերածել ՊՈԱԿ-ի մի անդեմ, ամորֆ մարմնի: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի բնորոշում տվեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը կառավարության կողմից մշակված եւ ընդունված «Վերահսկիչ պալատի մասին» եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի փաթեթին:
Հիշեցնենք, որ այդ որոշման մեջ սահմանվում է՝ «Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ՝ Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ»: Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի, երբ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հերթական ստուգումներից հետո հայտարարեց՝ բյուջեի մոտ 70%-ը ծախսվել է ոչ նպատակային, եւ քաղաքական գնահատական էր հնչեցրել, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեղմ ասած՝ զայրացել էր եւ հրահանգել էր նախարարներին հերթով արդարանալ ու մամուլի ասուլիսներ տալ՝ պարզաբանումներով: Սակայն նույնիսկ այդ ասուլիսները չփրկեցին նախարարությունների դեմքերը, քանի որ նրանք, ըստ էության, չհերքեցին ՎՊ հաշվետվության արդյունքները, ու հանրությունն այդպես էլ որեւէ հիմնավոր պատասխան չլսեց: Եվ փոխանակ իշխանությունները մտածեին, թե ինչպես բյուջեի գումարները մսխող պաշտոնյաների ձեռքերը կապել, դեռ մի բան էլ ՀՀ նախագահը սաստեց Իշխան Զաքարյանին՝ ասելով. «Դու քաղաքական գործիչ չես, հասկանո՞ւմ ես, դու պարտավոր ես փաստերն ի հայտ բերել: Դուք պետք է հասկանաք, որ որեւէ մեկը ձեր կարծիքը չի ակնկալում լսել, բոլորի համար մեկ է՝ դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին»:
ՎՊ-ին վերաբերող կառավարության փաթեթը դեռ պետք է ներկայացվի Ազգային ժողովին, որտեղ էլ վերջնական կորոշվի՝ Վերահսկիչ պալատի «բերանը փակե՞լ», թե՞ ոչ:
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ կառավարության որոշումը նշանակում է՝ «Շոուն ավարտված է, եթե մինչեւ ընտրությունները կարելի էր դեմոկրատիայի, անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի, բյուջեի չարաշահումների դեմ պայքարի իմիտացիա ստեղծել, ապա այժմ իշխանությունը դրա անհրաժեշտությունը չունի: Ավելին՝ երբ այդ թատրոնը բավականին լուրջ շահարկվում է հասարակության եւ քաղաքական ուժերի կողմից, պարբերաբար հիշեցվում է այդ մասին, հետեւաբար եթե ընտրություններն ավարտված են, իշխանությունը կարիք չունի ոչ միայն ներկայացումների, այլեւ անգամ ցանկություն չունի կոռուպցիոն խնդիրները հարթել հանրության համար բավականին ծիծաղելի եղանակներով ՝ինչպես դա արվեց նախագահի մոտ, այսպես ասած ռազբորկայով»:
Կարդացեք նաև
Կառավարության որոշման մեջ ստուգվող մարմիններին էլ է հնարավորություն տրվում ՎՊ-ի բացահայտումներին առարկություններ ներկայացնել մինչ այն հանրայնացնելը, եւ անգամ ԱԺ համապատասխան հանձնաժողովներում ստուգումների արդյունքները քննարկել՝ ստուգման ենթարկված մարմնի ղեկավարների հետ: Օրինագծի այս կետի մասին էլ պարոն Սաֆարյանն ասաց. «Այսպիսով՝ Վերահսկիչի լիազորությունները սահմանափակվում են, բայց կոռուպցիոներներին իրավունք է տրվում հակադարձելու՝ Վերահսկիչ պալատի «բերանը փակելու» եւ հակահարձակ լինելու:
Բացի այդ, ՎՊ-ի բացահայտումներն ու ստուգումները նրա համար չեն, որպեսզի նորից խնդիրը դրվի այդ գերատեսչությունների եւ ՎՊ-ի բանակցելու հարթության վրա: ՎՊ-ի խնդիրն է այդ փաստերը բերել Ազգային ժողով, ուղարկել դատախազություն: Նրանք պետք է զրույց ունենան դատախազության հետ, ոչ թե ԱԺ-ի հարթակում կամ հանձնաժողովներում»:
Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ չնայած ՎՊ-ն հաշվետու է ԱԺ-ին, բայց կառավարությունն այնպես է անում, որ այդ բացահայտումներն արդեն հարթված, կոծկված եւ լավ ֆիլտրացված, «կոսմետիկան ապահոված» ներկայացվեն ԱԺ-ին, անվնաս տեղեկություններ գնան ԱԺ. «Այսինքն՝ այն գերատեսչությունները, որոնք կկարողանան իրենց խնդիրները լուծել Բաղրամյան 26-ի հետ, նրանց խնդիրները չեն գնա Աժ, որովհետեւ նրանց թույլ է տրվում մինչեւ զեկույցի, այսպես ասած, պաշտոնականացումը, հրապարակայնացումն իրենց անելիքն անել: Իսկ ԱԺ կգնան նրանցը, ովքեր անհնազանդ են, ում նկատմամբ վճիռ կա պատժելու, նախազգուշացնելու»:
Ինչ վերաբերում է այն դրույթին, որ ՎՊ անդամներին արգելվում է նաեւ իրավական գնահատական կամ հետեւանքներ անել, ապա պարոն Սաֆարյանն այս առնչությամբ էլ ասաց.՝ «Ես չգիտեմ՝ եթե բյուջեից փող է կորել, փող է կերվել, ինչպե՞ս դա ասեն, որպեսզի այդ օրինագծի պայծառափայլ փոփոխողներին հաշվետվությունը դուր գա, որ Հրայր Թովմասյանին դուր գա դա»: Մեր այն դիտարկմանը, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը օրինագծի վերաբերյալ ասել էր՝ «Երբ ՎՊ նախագահը իրավական կամ քաղաքական գնահատական է հնչեցնում, ինքը շատ վատ վիճակում է հայտնվում, ուստի, պետք է ձերբազատել Վերահսկիչ պալատին, որպեսզի նման վիճակներում վերջինս չհայտնվի»:
«Եթե Հրայր Թովմասյանը բարձրաձայն խոսում է, որ բյուջեն չարաշահողների մասին խոսողը պրոբլեմ է ունենում, մինչդեռ բյուջեն թալանողը վատ վիճակում չէ, ապա դա նշանակում է՝ Հրայր Թովասյանը ներկայացնում է բյուջեն թալանողների շահերը: Փոխանակ պետական մարմիններին թույլ տան անել այն, ինչ պարտավոր են անել Սահմանադրությամբ եւ օրենքներով, ամեն ինչ անում են, որ նրանց լիազորությունները ուզուրպացված լինեն»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
These look as comedy and comedians!