Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես լուսաբանել Ուկրաինայի իրադարձությունները

Մարտ 08,2014 14:56

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման
քննարկում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Աշոտ Մելիքյանը եւ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Արամ Աբրահամյան.- Մի մասնագիտական խնդիր ունեմ, որն այսօրվա եթերում էլ է արտացոլվում. ինձ համար շատ դժվար է գտնել Հայաստանում մի քիչ թե շատ հայտնի լրագրողի կամ մեդիափորձագետի, որը կասի՝ Ռուսաստանը մտել է Ղրիմ՝ լավ է արել: Երբ ես փորձում եմ գտնել մի քաղաքական գործչի, որը կասի, թե Ռուսաստանը Ղրիմի հարցում մի քիչ սխալ է՝ դա էլ է խնդիր, որովհետեւ բացի «Ազատ դեմոկրատներից» եւ «Ժառանգությունից», բոլորը գտնում են, որ Ռուսաստանը ճիշտ է: Ինչո՞վ է այս իրավիճակը բացատրվում:

Մեսրոպ Հարությունյան.- Ես դժվարանում եմ ասել, քաղաքական գործիչների մասով կդժվարանամ մեկնաբանել, որովհետեւ իմ ոլորտը չի: Մեդիայի մասով` հիմնականում մեծ մասը, իհարկե՝ ոչ միայն պետք է ասեն՝ Ռուսաստանը ճիշտ չէ կամ Ուկրաինան, Արեւմուտքը եւ այլն ճիշտ են, այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները կամ մեդիա փորձագետները պետք է այդ լուսաբանումներում նայեն, թե ինչքանով հավասարակշռված են ներկայացվել կողմերի տեսակետները: Ես իմ անձնական տեսակետը կունենամ, բայց զուտ լրատվական քաղաքականության առումով, զուտ տեղեկությունների տարածման առումով` որպեսզի հայաստանյան իրականության պայմաններում մեր հասարակությունը ամբողջական պատկերացում կազմի` այնտեղ ինչ է կատարվում, ճիշտը բոլոր տեսակետները հավասարաչափ ներկայացնելն է: Խոսքս, կրկնեմ, լրատվության մասին է, այլ բան է մեկնաբանությունը:

Ա. Ա.- Բայց մեր եթերը, որն ազատ, անվճար հեռարձակում է ռուսաստանյան ալիքները, շատ միակողմանի է, եւ արդյոք այն ազդո՞ւմ է մեր հեռուստադիտողների վրա, ովքեր ինտերնետից առանձնապես չեն օգտվում:

Աշոտ Մելիքյան.– Իհարկե, կարող է ազդել. այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն ինտերնետից օգտվելու, մեծ այլընտրանք չունեն եւ կախված են հենց միայն եթերից: Չնայած ես պետք է ասեմ, որ արտասահմանյան իրադարձությունները` առհասարակ միջազգային լրահոսը, մեր հեռուստաընկերություններում շատ ավելի լավ է տրվում, քան ներքին կյանքի լուսաբանումը, այսինքն՝ հայաստանյան հեռուստաընկերությունները ավելի լավ են միջազգային կյանքը ներկայացնում, քան մեր ներքին կյանքը: Դա պայմանավորված է նրանով, որ նախ՝ նրանք օգտվում են հիմնականում CNN-ից եւ «Ռոյթերս»-ից, որտեղ սկզբունք կա` մինչեւ մի քանի տեղեկատվական աղբյուրից տեղեկություններ չստանաս, մինչեւ բոլոր տեսակետները այդ կոնֆլիկտի վերաբերյալ չներկայացնես, նյութը չի գնա եթեր: Երբ մեր հեռուստաընկերությունները հաղորդում են՝ հղում անելով հայտնի միջազգային ինֆորմացիոն եւ լրատվական կորպորացիաներին, ապա այդտեղ որակը լավ է, իսկ երբ որ հղումը կատարվում է զուտ ռուսական կամ զուտ ուկրաինական սկզբնաղբյուրին, ապա այնտեղ կաղում է լրատվությունը:

Ա. Ա.– Քարոզչությամբ զբաղվող լրագրողները վերջերս հաճախ են հարցնում՝ դու հո դիկտաֆո՞ն չես: Օրինակ՝ Լեւոն Զուրաբյանը ասում է՝ «Սերժիկ, հեռացիր», Էդուարդ Շարմազանովը ասում է՝ «Սերժիկ, մոտեցիր», իսկ ես երկու տեսակետներն էլ զետեղում եմ «Առավոտ» թերթում ու լսում եմ կշտամբանք՝ դու հո դիկտաֆո՞ն չես, դու կուրս ունե՞ս, թե՞ չէ: Ուկրաինայի հարցում մենք պե՞տք է «կուրս» ունենանք, թե՞ ոչ:

Մ. Հ.– Ինչպես ասում են՝ թերթը ոչ միայն կոլեկտիվ ագիտատոր եւ կոլեկտիվ պրոպագանդիստ է, այլեւ կոլեկտիվ կազմակերպիչ: Արտասահմանյան լրատվամիջոցներ կան, որոնք հայտարարում են, որ ունեն այսինչ տեսակետներն ու ուղղությունները, բայց դա չի խանգարում նրանց: Դա արտահայտվում է խմբագրական նյութերում՝ մեկնաբանություններ, վերլուծություններ, խմբագրական հոդվածներ եւ այլն, դա գիծն է, բայց դա չի խանգարում, որ այդ վերլուծության հակառակ վերլուծությունը այդ նույն թերթում հրապարակվի, նույն եթերում հնչի: Ինձ թվում է՝ իշխանամետ մամուլը, լրատվամիջոցները ընդհանրապես որոշ չափով շփոթված են, որովհետեւ պետությունը առայսօր պաշտոնապես չի հայտարարել իր դիրքորոշումը ուկրաինական խնդրի վերաբերյալ: Հիմա որոշ լրատվամիջոցներ կան, որոնք սպասում են, թե ինչպես շարժվեն՝ «Կեցցե ընկեր Պուտի՞նը», թե՞ հակառակը: Գուցե սա որոշ չափով դրական երեւույթ է:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31