Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտության ընտրություն՝ ըստ խառնվածքը բացահայտող թեստերի

Մարտ 08,2014 14:20

«Եթե ուզում ես ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, ապա գրեթե միշտ ի՞նքդ ես սկսում առաջինը խոսել, ի՞նչ աշխատանք կատարելիս ես բավարարվածության զգացողություն ունենում, դու արա՞գ ես կողմնորոշվում»: Սրանք հարցեր են՝ վերցված անգլիացի գիտնական-հոգեբան Այզենկի հարցարանից: Դրանք օգնում են բացահայտել քո բնավորության գծերը:

Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի հոգեբան Լամարա Գրիգորյանը հաճախ է նման թեստեր անցկացնում դպրոցականների շրջանում՝ օգնելով նրանց կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, քանի որ ըստ հոգեբանի՝ մեր ընտրած մասնագիտությունը խոսում է մեր բնավորության մասին: «Դերասանները մի փոքր կտրված են իրականությունից եւ խենթ են: Իրավաբան դառնալու համար հարկավոր է ունենալ արդարամտություն, համոզիչ եւ ազդեցիկ խոսք: Տնտեսագիտության ոլորտում աշխատողին հարկավոր է տրամաբանություն, հավասարակշռվածություն, սովորաբար նրանք ներքուստ փակ են, բայց ավելի ռեալիստ են»,- ասում է հոգեբանը եւ հավելում, որ շատ բնավորության գծեր մենք ձեռք ենք բերում մասնագետներ դառնալու ընթացքում, օրինակ՝ բժիշկները մի փոքր ավելի սառնասիրտ են դառնում:

Վերջին տարիներին կրթության բարեփոխումների շրջանակներում մի շարք ավագ դպրոցներ համալրվեցին հոգեբաններով: Ծնողների, ընկերների, բարեկամների օգնությունից զատ՝ այսօր դպրոցականները հնարավորություն ունեն ստանալ նաեւ մասնագիտական խորհրդատվություն, ինչը նախկինում չկար: 21-ամյա Շուշանը երազում էր սովորել Տնտեսագիտական համալսարանում՝ մարքեթինգի բաժնում, սակայն միավորները բավարար չլինելու պատճառով ընդունվեց Սոցիալական մանկավարժության ֆակուլտետը: «Քանի որ ես դպրոցում գերմաներեն եմ սովորել, իսկ վերջին պահին որոշեցի անգլերենով քննություն հանձնել, միավորներս չբավարարեցին իմ ուզած բաժին ընդունվելու համար»,- պատմում է Շուշանը: Բակալավրիատն ավարտելուց հետո նա համառորեն մագիստրատուրան շարունակում է իր սիրած մասնագիտությամբ: Ամեն դեպքում խոստովանում է՝ շատ բան է սովորել նախկին մասնագիտությունից, օրինակ, թե ինչպես կարելի է երեխաների հետ հեշտ լեզու գտնել: Հոգեբան Լամարա Գրիգորյանն էլ ասում է. «Հաճախ է լինում, երբ երեխան չունենալով համապատասխան ընդունակություններ եւ գիտելիքներ, օրինակ՝ մաթեմատիկա առարկայից, երազում է դառնալ լավ տնտեսագետ: Ստացվում է՝ այս դեպքում նա իր ուժերը լիովին չի գնահատել: Կամ նա պետք է հաշտվի իրողության հետ, կամ էլ պետք է լավ պարապի եւ կրկին ուժերը փորձի»: Ըստ հոգեբանի՝ hաճախ է պատահում, որ երեխաները չեն կողմնորոշվում երկու մասնագիտությունների միջեւ, այդ դեպքում խորհուրդ է տալիս ընտրել այն, որն ամենից շատ է համապատասխանում երեխայի ընդունակություններին, իսկ հետագայում չմոռանալ նաեւ 2-րդ մասնագիտության մասին: Այնուամենայնիվ, նա գտնում է, որ ծայրահեղ տարբեր մասնագիտություններ ընտրելու փոխարեն կարելի է ընտրել կից որեւէ մեկը՝ նպաստելով քո զարգացմանն ու կատարելագործմանը: «Դպրոցականներն ամենից շատ ուզում են դառնալ ռեժիսոր, դերասան, տնտեսագետ, հումանիտար հոսքի երեխաների շրջանում մեծ է հետաքրքրությունը նաեւ հոգեբանի մասնագիտության վերաբերյալ»,- տեղեկացնում է նա: «Հոգեբանությունը գալիս է լրացնելու բոլոր մասնագիտությունները, այնտեղ, որտեղ առկա է մարդկային շփում, անպայման հոգեբանության անհրաժեշտություն է առաջանում, պահանջվում է շփման հմտություններ, մարդկանց վրա ներազդելու, կյանքի դժվարություններին դիմակայելու ուժ: Հոգեբաններն ավելի թեթեւ են ապրում կյանքը»,- այսպես է բնորոշում Լամարա Գրիգորյանն իր իսկ մասնագիտության էությունը: Նա նաեւ տեղեկացնում է՝ ամբողջ դպրոցի ռազմավարությունն է օգնել երեխային մասնագիտական կողմնորոշման հարցում: Այս առումով կազմակերպում են շրջայցներ եւ քննարկումներ, օրինակ՝ բանկային ոլորտի աշխատակիցների հետ, նաեւ խմբային, անհատական զրույցներ, խաղեր, որոնց ընթացքում խոսում են տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց աշխատանքի, առօրյայի, հանդիպող դժվարությունների մասին: Ըստ նրա՝ մասնագիտություն ընտրելու հարցում ծնողը եւս պետք է ուղղորդի երեխային, սակայն չպետք է իր կամքը պարտադրի նրան՝ երբեմն նրա մեջ տեսնելով իր չիրականացված երազանքները: Հոգեբանը ցավով է ընդունում, որ այսօր կան երեխաներ, որոնց ընտանիքների սոցիալական դրությունը «չի թողնում» նրանց ուժերը փորձել իրենց սիրած ֆակուլտետներում. «Մասնագիտություն ընտրելիս մարդիկ հաշվի են առնում նաեւ այն հանգամանքը, որ լավ վարձատրություն ունենան: Ես երեխաներին ասում եմ՝ եթե դուք սիրեք ձեր գործը եւ լինեք լավ մասնագետ, անպայման լավ եկամուտ կունենաք»: Նաեւ նշում է, որ Այզենկիի հարցարանը, մարդկանց խառնվածքից ելնելով, նրանց բաժանում է 4 տեսակի՝ մելանխոլիկ, խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ: Երեխաների մասնագիտական կողմնորոշման հարցում օգնում են նաեւ խառնվածքը բացահայտող մասնագիտական թեստերը: «Օրինակ, մելանխոլիկը, ով էությամբ զուսպ է եւ ինքնամփոփ, դժվար թե դառնա գովազդային գործակալ: Նրանք ինտրովերտ են՝ դեպի ներս ուղղված, առավել անկայուն, չշփվող, հոռետես, վախվորած, շուտ ընկճվող, ունեն սուր ինքնաքննադատություն, ավելի շատ են հակված սթրեսների եւ նյարդային խնդիրների»,-ասում է Լամարա Գրիգորյանը: Ըստ նրա՝ խոլերիկը շատ շուտ բռնկվող է, ակտիվ, անկայուն, էքստրավերտ՝ դեպի դուրս ուղղված, զգայուն, հարձակվողական, բայց եւ լավատես, իսկ սանգվինիկը առաջնորդելուն հակված, կենսուրախ, անբռնազբոս, խոսել սիրող, հասնող, արձագանքով, կայուն, էքստրավերտ է: Երբեմն թվում է, թե նա ներողամիտ է, բայց իրականում նա չի էլ նկատում քո գործած սխալները, քանի դեռ դրանք չեն բախվել իր շահերին: «Ֆլեգմատիկները ինտրովերտ են, հավասարակշռված, հուսալի, բարեհաճ, տրամաբանող, զգուշավոր, անպայման մի քայլ անելուց առաջ շատ են մտածում, կարող են լինել նվիրված եւ վստահելի ընկեր, կարող են դառնալ ղեկավարներ, սակայն նրանց մոտ մի փոքր ճկունության պակաս կա: Լրագրողը, ով անընդհատ վազվզուքի մեջ է, համապատասխանում է սանգվինիկին, իսկ եթե մեծամասամբ կատարում է վերլուծական աշխատանք, ապա ֆլեգմատիկ տեսակը եւս համապատասխան է»,- տեղեկացնում է Լամարա Գրիգորյանը:

Փարձեցի պարզել՝ արդյո՞ք ճիշտ եմ ընտրել իմ մասնագիտությունը: Առանց մասնագիտական թեստ անցկացնելու՝ հոգեբանն անմիջապես բնորոշեց իմ տեսակը, ինչն ուղղակի ապշեցրեց ինձ. «Չնայած դու շատ շփվող ես եւ մարդամոտ, բայց ոչ բոլորին ես քեզ մոտ թողնոմ, շատերը քեզ տեսնում են որպես թեթեւ եւ ուրախ աղջիկ, բայց քեզ մոտ կա մտածող տեսակ, դու հակված ես ամեն ինչ խորությամբ հասկանալուն եւ վերլուծելուն: Դու պատկանում ես ֆլեգմատիկ տեսակին, քո մասնագիտությունը համապատասխանում է քեզ»:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31