Վրացական խոհանոցի հետաքրքիր եւ համեղ ուտեստներից է փխալին, որը պահքի այս օրերին շատ տեղին եւ հարմար է:
Փխալին պատրաստում են մի քանի տեսակի բանջարեղենից, բայց ամենահայտնիները կանաչ եւ կարմիր փխալիներն են: Դրանք պատրաստվում են համապատասխանաբար՝ բազուկի տերեւներից եւ արմատներից:
Կանաչ փխալի պատրաստում են նաեւ սպանախից, կանաչ լոբուց:
Կարդացեք նաև
2 կապ բազուկի տերեւ կամ սպանախ
5-6 ճյուղ համեմ
1 գլուխ սոխ
3 պճեղ սխտոր
3/4-1 բաժակ ընկույզ
Խմելի սունելի կամ ուցխո սունելի
Համեմի սերմ
Աղ
Պղպեղ
3-4 գդալ բուսական յուղ
3-4 գդալ սպիտակ քացախ
Սովորաբար կանաչ փխալի պատրաստելու համար հարկավոր է բազուկի տերեւները կամ սպանախը լավ լվանալ եւ տասը րոպե խաշել, ապա ջրքամել: Սակայն առաջարկում եմ չխաշել այդ նուրբ տերեւները, քանի որ խաշելու արդյունքում ե՛ւ վիտամիններն են կորչում, ե՛ւ մնացած օգտակար նյութերը անցնում են ջրին, որը մենք թափում ենք: Ընդհանրապես ես որեւէ բանջարեղեն խաշելուց աշխատում եմ հնարավորինս խուսափել, եւ եթե հնարավոր է՝ խաշելու փոխարեն ջեռեփել (ջեռոցում խորովել), շոգեխաշել կամ արագ տապակել: Այս դեպքում առաջարկում եմ բուսական յուղով շատ արագ տապակել բազուկի տերեւները կամ սպանախը: Բայց սկզբում տապակում ենք մանր կտրատած սոխը, կես բաժակ ընկույզը (իրական բաղադրատոմսում ընկույզն ուղղակի պետք է աղալ, բայց ինձ դուր է գալիս տապակած ընկույզի համը, այդ իսկ պատճառով ընկույզի կեսը նախապես տապակում եմ սոխի հետ), սխտորը եւ բազուկի տերեւների ներքեւի՝ կոշտ հատվածները: Տապակելու ընթացքում ավելացնում ենք նաեւ համեմունքները՝ սունելին, համեմի սերմը, պղպեղը: Ապա ավելացնում ենք տերեւները: Երկու-երեք րոպեի ընթացքում տերեւներն էլ են տապակվում, ավելացնում ենք աղն ու քացախը, եւս երկու րոպե քացախի հետ կշոգեխաշվի եւ բավական է: Անջատում ենք գազօջախը: Երբ մի փոքր սառչի, աղում ենք (կամ բլենդերով արագ հարում) այս զանգվածը՝ մնացած ընկույզի եւ կտրատած թարմ համեմի հետ: Պետք է խտությամբ հիշեցնի թթվասեր կամ քամած մածուն: Եթե զգաք ջրիկ է՝ աղացած ընկույզ ավելացրեք: Լցնում ենք ափսեի մեջ եւ զարդարում ընկույզով եւ նռով: Կարելի է նաեւ փոքրիկ գնդիկներ անել:
Կարմիր փխալիի համար մեզ անհրաժեշտ է
2-3 գլուխ կարմիր բազուկ
3-4 պճեղ սխտոր
3/4 բաժակ աղացած ընկույզ
Աղ
Խմելի սունելի
Համեմի սերմ
Քացախ
Բուսական յուղ
Կարմիր բազուկը լավ լվանում ենք, դնում փայլաթղթի (ֆոլգայի) մեջ եւ ջեռոցում խորովում՝ մինչեւ լավ փափկի: Բնականաբար՝ կարելի է նաեւ խաշել:
Աղում ենք կամ քերիչի ամենամանր անցքերով քերում, ավելացնում աղացած ընկույզը, ձեթը, քացախը եւ համեմունքները: Գնդիկներ պատրաստում, զարդարում ընկույզով: Այս նույնի վրա, եթե ձեթի եւ քացախի փոխարեն ավելացնեք թթվասեր՝ կդառնա մեզ շատ ծանոթ բազուկով աղցանը:
Բարի ախորժակ: