Թուրքիայում ուրբաթ օրը բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը՝ ռազմական ոստիկանության նախկին գաղտնի գործակալ Էրհան Թունջելը:
Այսպիսով Դինքի սպանության գործի վերաքննությունը կարող է անարդյունք անցնել: «Ագոս» թերթի նախկին խմբագրապետի ընտանիքի անդամները, ինչպես նաև մի խումբ մտավորականներ, փաստաբաններ համոզված են կամ առնվազն կասկածներ ունեն, որ պետությունը մեղսակից է Դինքի սպանությանը: Սա այն հիմնական հարցն է, որին Թուրքիայի արդարադատության համակարգը արդեն 7 տարի չի պատասխանում:
2007 թվականին՝ Դինքի սպանությունից անմիջապես հետո հարուցված գործով մոտ երկու տասնյակ կասկածյալներ էին անցնում, սակայն դատարանը հիմնավորված չհամարեց կազմակերպված, զինված հանցախմբի գոյությունը: Դատարանը որոշեց, որ հանցագործությունը կատարել են անհատ, առանձին մարդիկ, ու դատապարտվեցին միայն երկուսը՝ Դինքի սպանությունը անմիջականորեն իրականացնողը Օգյուն Սամասթը և հանցագործության հրահրողը, կազմակերպիչը Յասին Հայալը:
Սակայն Դինքի սպանությանը անվտանգության ուժերի մասնակցության կասկածները չէին փարատվում, և անցյալ տարի նախ հայտնի դատախազ Մուամեր Աքքաշը, այնուհետև բարձրագույն վերաքննիչ դատարանը որոշեցին վերանայել գործը, մասնավորապես, նորից հարցաքննել նախկինում արդարացված բոլոր 18 կասկածյալներին:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում