Կապանի անտառտնտեսության աշխատակիցներն ամբողջ ձմռան ընթացքում հայտնաբերել են ապօրինի ծառահատման ընդամենը երկու դեպք: Նույնքան դեպք էլ գրանցվել էր նախորդող ձմռանը: Անտառխախտման դեպքերը, ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Գարիկ Միրզոյանի, հիմնականում գրանցվում են Շիկահողի արգելոցի հարակից անտառային տարածքներում, որտեղ բնակիչներին արգելվում է արգելոցի տարածք մուտք գործել: «Ապօրինի խախտումների հիմնական պատճառն այն է, որ պետության կողմից տրամադրվող անվճար թափուկը հավաքելու համար բնակիչները չեն գնում անտառի խորքը, այլ նախընտրում են գյուղի ճանապարհամերձ անտառային հատվածից վառելափայտի հոգսը հոգալ եւ պատժվում են»,- մեզ հետ զրույցում ասաց Գարիկ Միրզոյանը:
Զրուցակցիս խոսքով՝ իրենք կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել, բոլոր 31 գյուղական համայնքներին ու Կապանի բանավաններին համապատասխան գրություններ են ուղարկել եւ իրազեկել են, թե անտառից օգտվելու, որ դեպքերում են բնակիչների նկատմամբ պատիժներ կիրառվելու: Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ կա 38 հազար 253 հա տարածք, որից 38 հազար 82 հա անտառծածկ է: Կառույցում աշխատում է 37 անտառապահ եւ 6 անտառապետ:
Ինչպես տեղեկացանք՝ անտառտնտեսությունում աշխատող 37 անտառապահից միայն 10-ը ձի ունի, իսկ մյուսները մոտ 1000 հա տարածքը ստիպված են լինում հսկել հիմնականում ոտքով: Իսկ մեր այն հարցին, թե որքանո՞վ է հաջողվում անտառապահին այդ հսկայական տարածքում լիարժեք իրականացնել հսկումը՝ այն էլ ոտքով եւ կանխել ապօրինի ծառահատման դեպքերը, անտառտնտեսության պետը պատասխանեց, որ անտառապահներին հրահանգված է հնարավորինս խիստ հսկողություն իրականացնել եւ զգոն լինել: Վերջինս վստահեցրեց, որ չհայտնաբերված անտառխախտման դեպքեր իրենց մոտ չեն եղել եւ հավելեց, որ 2013թ.-ի հուլիսից մինչեւ օրս՝ իր ղեկավարման ժամանակահատվածում, նաեւ որսագողության դեպքեր չեն գրանցվել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ