Մարտի 7-ին Միավորած ազգերի կազմակերպության ժնևյան կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվել էր 2013 թ. Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի համաձայն:
ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի նիստերի մեծ դահլիճում Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Բոդեր Նդոնգ Էլլայի նախագահությամբ գումարված քննարկմանը բացման ելույթներով հանդես եկան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը, քննարկման հիմնական բանախոսներից էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը։
Ելույթ ունեցան շուրջ հինգ տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կարևորեցին ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։
Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, նշեց.
“Հայ ժողովուրդը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, բարոյական խիստ պատասխանատվություն է զգում իր ներդրումը բերելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Ես պետք է երախտագիտություն հայտնեմ այն բազմաթիվ անդամ պետություններին, որոնք պատրաստակամորեն իրենց աջակցությունն են բերում այս վեհ նպատակին ծառայող մեր տարբեր նախաձեռնություններին: Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից շնորհակալություն հայտնելու Ցեղասպանության կանխարգելման մասին Մարդու իրավունքների խորհրդի բանաձևի բոլոր համահեղինակներին, որն ընդունվել է այս բարձր մարմնի կողմից անցյալ տարի:
Չնայած այն փաստին, որ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան ընդունվել է 1948թ., դրան հաջորդած տասնամյակներում, ներառյալ վերջին տարիներին, ցավոք իրագործվել են նոր ցեղասպանություններ, նոր մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս սարսափելի երևույթը Կամբոջայից Ռուանդա և Դարֆուր շարունակում է մնալ չվերացված:”
“Սա նշանակում է, որ մենք ոչ միայն քննարկումների, բանաձևերի, հռչակագրերի, կոնվենցիաների, այլ նաև ցեղասպանությունների կրկնությունը կանխող արդյունավետ մեխանիզմների կարիքն ունենք:
ՀՀ ԱԳՆ