Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծն անցնելիս երիտասարդ հայ է ձերբակալվել: Նրա տարիքը նշվում է 20-22 տարեկան: Երիտասարդի անունը չի նշվում, ասվում է, որ նա բացի հայերենից, այլ լեզվի չի տիրապետում: Ներկայումս նա տեղափոխվում է Բաքու:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների մեջ որոշ հակասություններ կան. մի դեպքում նշվում է, որ երիտասարդը ձերբակալվել է շփման գիծը հատելիս, մի այլ դեպքում ասվում է , որ նա ձերբակալվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչների կողմից: Տավուշի մարզից Բերդի տարածաշրջանն է սահմանակցում Թովուզին: Սահմանամերձ գյուղերի ղեկավարները մեզ հայտնեցին, որ իրենք տեղեկություններ չունեն սահմանի մյուս կողմում հայորդու հայտնվելու,նրա ինքնության մասին: Գյուղապետերից մեկն ասաց, որ ինքը լսել է ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդումը, որտեղ նշվում է , որ հայ երիտասարդը գերվել է երկաթուղային Թովուզ կայարանում: Նա այդ մասին ասաց. «Թովուզ կայարանը սահմանից 30 կմ հեռու է, ինչպե՞ս կարող է երիտասարդը հայտնվել այնտեղ»,-համոզմունք հայտնելով, որ ադրբեջանցիները կեղծում են հայ մարդու գերման հանգամանքները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ