Այսօր ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վարչական դատարանում ընթանում էր ոստիկանությունն ընդդեմ Վարդգես Գասպարիի վարչական գործի քննությունը: Խոսելով հայցին վերաբերող օրվա՝ 2013 թվականի օգոստոսի 23-ի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ իրեն ձերբակալելու մասին, Վարդգես Գասպարին պատմեց, որ երբ ոստիկանությունից հարցրել է՝ ո՞րն է եղել պահանջը, նշել են, որ վիրավորանք է հնչեցվել ոստիկանության ներկայացուցիչների հասցեին:
«Ենթադրենք, որ ոստիկանը դա ընկալել է վիրավորանք, արդյոք վիրավորելու համար, իրենք իրավասո՞ւ էին ինձ ազատազրկման ենթարկել: Նրանք ինձ բերման են ենթարկել: Նրանք դա գնահատել են վիրավորանք, բայց ոչ թե պահանջել են դադարեցնել, եւ քանի որ ես չեմ դադարեցրել, շարունակել եմ իմ բողոքի ակցիան, նրանք ինձ ազատազրկման են ենթարկել: Դա իրավաչա՞փ է, թե՝ ոչ»,- հարց հնչեցրեց Վարդգես Գասպարին, ինչին ի պատասխան դատավորը պատասխանեց, որ դատավարության ամբողջ ընթացքում իրենք փորձելու են պարզել՝ եղե՞լ են իրավաչափ ոստիկանների արարքները, թե՝ ոչ:
Գործով վկա, ոստիկանության աշխատակից Սեւան Նազարյանը պատմեց, որ Ոստիկանության կենտրոնի բաժին, որտեղ նա այդ օրվա հերթապահն էր, զանգահարել են հերթապահ մասից եւ ասել, որ բերման ենթարկված կա, եւ գործի արձանագրությունը ինքը պետք է կազմի, բերման ենթարկած ոստիկանի զեկուցագրով՝ Վարդգես Գասպարին խախտել է հասարակական կարգը եւ վիրավորել ոստիկաններին: Ըստ վկայի՝ իր արձանագրություն կազմելու ամբողջ ընթացքում Վարդգես Գասպարին պառկած է եղել ժամանակավոր պահման վայրում եւ ոչ մի հարցի չի արձագանքել, ոչինչ չի խոսել, նույնիսկ երբ նրան ասել են, որ արդեն ազատության մեջ է եւ կարող է գնալ, պատասխանողը տեղից չի շարժվել: Ըստ Սեւան Նազարյանի՝ Վարդգես Գասպարիին ոստիկանության աշխատակիցները շենքից գրկած են տարել, նրանց վկան ուղեկցել է շենքից դուրս՝ մուտքի մոտ՝ մինչեւ Գասպարիի եւ ոստիկանների աչքից հեռանալը, այդ ամբողջ ընթացքում հետեւել է՝ ինչ է կատարվել:
Պատասխանող Վարդգես Գասպարին վկային հարցրեց՝ ինչու՞ արձանագրությունների վրա նշված չեն արձանագրության կազմման ժամն ու կոնկրետ վայրը՝ ոստիկանության շենքի որ սենյակում է հարցաքննվել (արձանագրություններից մեկում բացակայում էր արձանագրության կազմման ժամը), եւ այդ բացթողումը համարեց օրենքի խախտում:
Կարդացեք նաև
Վկան հակադարձեց, թե այդ ձեւաթղթում, որի վրա լրացրել է արձանագրությունը, բացակայել է ժամերը գրելու հատվածը: Վարդգես Գասպարին նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք վկան տեղյա՞կ է՝ ոստիկանները շենքից հանելուց հետո որեւէ արարք կիրառե՞լ են նրա նկատմամբ, վկան վստահեցրեց, որ ինքը տեղյակ է, որ ոչինչ չի եղել:
Գործով մեկ այլ վկա, ոստիկանության աշխատակից Գարիկ Վարդանյանը պատմեց, որ օգոստոսի 23-ին նա իր ծառայությունն էր անցկացնում Երեւանի քաղաքապետարանի տարածքում, երբ նկատեց, որ Վարդգես Գասպարին բարձրաձայն վիրավորում է ոստիկանության ներկայացուցիչներին եւ խախտում հասարակական կարգը, մոտեցել է, զգուշացրել, որ դադարեցնի, սակայն Վարդգես Գասպարին շարունակել է նույն կերպ իրեն պահել,եւ ոստիկանը որոշել է ձերբակալել:
Վարդգես Գասպարին վկային հարցրեց՝ արդյոք նա տեսե՞լ է, թե իրարանցումն ինչից է սկսել, ինչին ոստիկանը սկզբում դժվարացավ պատասխանել, հետո ասաց՝ ոչ: Վարդգես Գասպարին նաեւ զարմանք հայտնեց, որ իր ծառայությունը իրականացնող Գարիկ Վարդանյանն է ձերբակալության որոշումը կայացրել, այնինչ այնտեղ էին նաեւ նրա վերադասները:
Այնուհետեւ պատասխանողը պահանջեց, որ վկան հիշի իր զեկուցագրի բովանդակությունը, ինչ մեղադրանքներ են ներկայացվել, ինչը վկան դժվարանում էր ասել, հայցվոր կողմի ներկայացուցիչներն էլ փորձում էին հուշել, ինչի համար դատավորի կողմից նկատողություն ստացան:
Վարդգես Գասպարին նաեւ ներկայացրել էր տեսաերիզ, որի տեսանյութերը պետք է ապացուցեին ոստիկանության ապօրինի քայլերը, դատարանը նայեց եւ արձանագրեց ոստիկանության քայլերը: Վարդգես Գասպարին ասաց, որ տեսանյութերով փորձել է ներկայացնել ոստիկանության իրական պատկերը: Հայցվոր կողմի ներկայացուցիչն իր մեղադրական ճառում տեսանյութի մասին խոսելիս նշեց, որ դրանք 2011 թվականի մարտի երեքի դեպքերի տեսագրություններն էին, եւ որեւէ կերպ չէին առնչվում այսօրվա քննվող գործին, եւ ներկայացրեց մեղադրանքը՝ վարչական պատասխանատվության ենթարկելու Վարդգես Գասպարիին:
Պատասխանող Վարդգես Գասպարին խնդրեց հետաձգել իր պաշտպանական ճառը երկու շաբաթով, ինչը դատարանը ընդունեց՝ հայցվոր կողմի համաձայնությունը ստանալուց հետո:
Պատասխանողը ներկայացրեց եւս մի փաստաթուղթ, որը Երեւանի Կենտրոնի ոստիկանության պետի զեկուցումն էր ՀՔԾ-ի քննիչ Վեքիլյանին, որը պետք է ապացուցեր ոստիկանության պետի եւ գործով վկայի խոսքերի տարբերությունը:
Ըստ ՀՔԾ-ին ներկայացրած փաստաթղթի՝ Վարդգես Գասպարին, երբ նրան ոստիկանները գրկած դուրս են բերել, ոստիկանության շենքում՝ առաջին հարկում, հերթապահ մասից դեպի աջ՝ վերելակի դիմաց շարունակել է պառկած մնալ 20 րոպե: Պարոն Գասպարին շեշտեց, որ այսօր դատարան ներկայացած վկայի ասածը եւ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի զեկուցումը հակասում են իրար, եւ դրանով բարձրացնում ոստիկանության արժանապատվության հարցը:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ