«Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը օրերս Aravot.am-ին ասել էր, թե ինքը ԿԳՆ կայքում բացահայտել է հանրակրթական դպրոցների ուսումնական նոր վտանգավոր ծրագիր: Խոսքը «Ես եւ շրջակա աշխարհ» առարկայի չափորոշիչ ծրագրի մասին է, որ հիմքում, Ստամբոլցյանի ձեւակերպմամբ. «գենդերի խորացված ուսումնասիրությունն է: Նրա խոսքով. «2-4-րդ դասարանի աշակերտներին են պատրաստվում սովորեցնել գենդերային գաղափարը: Այսինքն, ծրագրով երեխային բացատրում են, թե ինչ է գենդերը, գենդերային տարբերությունները: Աշակերտներին սովորեցնելու են, որ ամեն ինչ սեռով չէ պայմանավորված, եւ սեռն ընտրովի է: Ծրագրում ներկայացված են գենդերային հակասությունները»: Պարոն Ստամբոլցյանը նաեւ նշել էր, թե տեղյակ չէ նախարարության դիրքորոշմանը:
Խնդրի առնչությամբ Aravot.am- ի հետ զրույցում ԿԳ նախարարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց. «Ես եւ շրջակա աշխարհ» առարկայի ծրագիրը հաստատվել է 2006 թվականին: Ծրագրում առկա խնդրի մասին Խաչիկ Ստամբոլցյանը դեռևս այս տարվա հունվարին դիմել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նախարարի հանձնարարությամբ շատ արագ շտկումներ եւ համապատասխան փոփոխություններ են կատարվել ծրագրում: Ինչ վերաբերում է դասագրքերին, պետք է տեղեկացնեմ, որ դրանցում նման խնդիրներ չեն եղել, հետեւաբար փոփոխությունների կարիք եւս չի առաջացել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ