Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներից մեկը մեզ բողոքել է, որ այս շաբաթ, երկուշաբթի օր, Ախթալա քաղաքում պետավտոտեսուչները կանգնեցրել են իր ավտոմեքենան եւ հարցրել, թե ինչու ավտոմեքենայի վրա փակցված չէ տեխզննման կտրոնը: Վարորդն ասել է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի բանկերում տեխզննման կտրոններ չկան: Պետավտոտեսուչները քաղաքացուն այնուամենայնիվ տուգանել են, սակայն` ամրագոտի չկապելու պատճառաբանությամբ, 5 հազար դրամի չափով:
Նոյեմբերյան քաղաքում գործող 3 բանկային մասնաճյուղերից տեղեկացանք, որ արդեն մեկ ամիս է՝ իրենց մոտ տեխզննման կտրոններ չկան: Այս կապակցությամբ զանգահարեցինք ՀՀ ոստիկանություն: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ տեխզննման կտրոնները տրամադրում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Ֆիննախի վարկերի վարչության պետ Արայիկ Եսայանը մեզ հայտնեց, որ խնդիրը 2 պատճառ ունի՝ մեկ, որ շատ մասնաճյուղեր ունեցող բանկերի գլխամասերն իրենց մասնաճյուղերին ճիշտ չեն բաշխում տեխզննման կտրոնները եւ երկրորդ՝ դրանք պահանջվածից քիչ քանակով են տպագրվել: Ա. Եսայանը հայտնեց, որ մեկ շաբաթից կտրոնների նոր խմբաքանակ կտպագրվի, հարցը կլուծվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ