Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են իրականացված միջոցառումները

Մարտ 07,2014 17:58

Մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին մի շարք վարչությունների և բաժինների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:

Վարչությունների և բաժինների պլանների կատարողականին նվիրված հաշվետվությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի խորհրդականներ, բարձրաստիճան զինվորականներ:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց նմանաբնույթ հաշվետվությունները, քանի որ միայն անցած ուղու վերանայման և աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ով նշեց, որ սպառազինության վարչությունն ու ենթակա զորամասերը կատարել են 2013 թվականի ուսումնական տարվա պլանով նախատեսված բոլոր միջոցառումները: Հաշվետու ժամանակահատվածում առանձնակի ուշադրության կենտրոնում է պահվել սպառազինության վարչության ծառայությունների և ենթակա զորամասերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանով նախատեսված միջոցառումների անցկացումը: Անցած ուսումնական տարվա ընթացքում մարտական պատրաստականության պլանավորված, հանկարծակի և տեսչական ստուգումներն ու անցկացված զորավարժությունները ցույց են տվել, որ զինված ուժերի զորամասերը` առկա սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ունակ են կատարելու առաջադրված խնդիրները: Զեկույցում նշվեց նաև, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերը ձեռքբերման և վերանորոգման եղանակներով համալրվել են սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, ինչը նպատակաուղղված է եղել մարտունակության, կրակային հզորության, անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը:

ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանն իր զեկույցում նշեց, որ 2014թ.-ին առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սննդակարգը բարելավելու նպատակով, համագործակցելով տեղական արտադրող կազմակերպությունների հետ, պատվիրվել են մեկ տասնյակից ավել անվանումներով պահածոյացված սննդատեսակներ: Նա հավելեց նաև, որ զինված ուժերի անձնակազմը 2014թ.-ին կապահովվի նոր տեսակի ձմեռային կեպիներով: Հաշվետու ժամանակահատվածում մասնագիտական հմտությունների բարձրացման, ինչպես նաև լավագույն հրշեջ խմբերը որոշելու նպատակով անցած տարի անցկացվել են զինված ուժերի հաստիքային հրշեջ խմբերի հրշեջ-կիրառական մարզաձևի մրցումներ: 2013թ-ի մարտական պատրաստության պլանի համաձայն` անցկացվել են նաև ՀՀ զինված ուժերի «Լավագույն ճաշարան», «Լավագույն ճաշարանի պետ» և «Լավագույն խոհարար» համաբանակային մրցույթները:

Զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ, Կամավոր Խաչատրյանը, ով նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում վարչության գործունեությունն ուղղված է եղել զինծառայողների առողջության պահպանմանը, բուժկանխարգելիչ միջոցառումների կատարելագործմանը, սանիտարա-համաճարակային հսկողության ապահովմանը, մարտական պատրաստականության, մարտունակության և մասնագիտական ունակությունների բարձրացմանը: Անցած տարի` դեկտեմբեր ամսին, հրատարկվել է բուժծառայության գործունեությունը կանոնակարգող «Խաղաղ պայմաններում զինված ուժերի բուժապահովման ձեռնարկը»: Կազմվել է «Խաղաղ պայմաններում ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողների զինվորական ծառայության պիտանիության սահմանափակումները» ձեռնարկը: Նախորդ 7 տարիների համեմատությամբ արձանագրվել են ընդհանուր հիվանդացության ամենացածր ցուցանիշները: 2013թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, շուրջ երկու անգամ նվազել եմ թոքաբորբի դեպքերը, նկատվել է ընդհանուր սոմատիկ հիվանդությունների նվազում: Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայությունը վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով և գույքով: Շնորհիվ նոր սարքավորումների ներդրման` բարձրացել են զինծառայողներին մատուցվող բժշկական ծառայություների ծավալներն ու որակը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերհանեց շտկման կարիք ունեցող խնդիրները, նախանշեց առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31