Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարությունը հետ կկանգնի՞ Գառնու տաճարի մերձակայքում սրճարան կառուցելու` իր մտադրությունից

Մարտ 07,2014 17:46

Գառնու տաճարի հարակից տարածքում սրճարան կառուցելու` ՀՀ մշակույթի նախարարության մտադրությունը լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել: Մտավորականների մի մեծ զանգված, համայնքի բնակիչները մտահոգված են, որ սրճարանի կառուցմամբ կվտանգվի տաճարի` որպես պատմամշակութային արժեքի պահպանությունը:

Մտավորականների մեծամասնությունը կարծում է, որ սրճարան կառուցելը, անգամ եթե նախարարությունը պատճառաբանում է, որ հասույթը ուղղվելու է տաճարի պահպանությանը, նախարարության գործառույթների մեջ չի մտնում:

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը հույս ունի, որ հաշվի առնելով լուրջ դժգոհությունների ալիքը, սրճարանը չի կառուցվի: Այս առիթով նա նշեց. «Ամոթ է, սրճարանը չպիտի կառուցվի, ինչի՞ համար է այսքան ժամանակ պայքարում մշակույթի նախարարությունը, տեսավ դիմադրությունը, պետք է դադարեցներ»:

Aravot.am-ը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանից հետաքրքրվեց` այս պահին գործընթացն ի՞նչ փուլում է: Նա պատասխանեց. «Հաշվի առնելով Գառնու տաճարի մերձակայքում սրճարան կառուցելու հետ կապված վերջին օրերին իրականացվող քննարկումներն ու հնչած մտահոգությունները` մեր ՊՈԱԿ-ը և մշակույթի նախարարությունը սկսել է հանդիպումների շարք` շահագրգիռ կողմերի հետ` Զբոսավարների միության, «Արորդիների ուխտ»-ի և այլ կազմակերպությունների: Առհասարակ մենք պատրաստ ենք բոլոր շահագրգիռ անձանց և կողմերի դիրքորոշումը լսել»:

Մարինե Ավանեսյանը տեղեկացրեց, որ արդեն չորս օր է` Գառնու տաճարի մերձակայքում շինարարական աշխատանքներ չեն կատարվում, մինչև համապատասխան որոշում կայացվի»:

Հետաքրքրվեցինք` քննարկումները դեռ որքա՞ն կշարունակվեն: Մարինե Ավանեսյանը պատասխանեց. «Քննարկելու անհրաժեշտություն որքան լինի, այնքան էլ կքննարկեն»:

Մեր հարցին` մինչև այժմ եղած քննարկումները, հնչեցված մտահոգությունները բավարար չե՞ն հասկանալու, որ սրճարանի կառուցման հարցում լուրջ դիմադրություն կա, Մարինե Ավանեսյանն այսպես արձագանքեց. «Սա այն դեպքն է, որ եթե անհրաժեշտություն կա քննարկել ոչ թե մեկ օր, այլ մեկ շաբաթ, կամ ավելի, ապա ճիշտը դա անելն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31