Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞րն է սակավ ջրային պաշարներով Ապարանի ջրամբարի ջրանցքի վրա ՀԷԿ կառուցելու շահագրգռվածությունը

Մարտ 07,2014 17:39

Երեկ Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի համայնքների բնակիչները փակել էին Երևան-Ապարան ճանապարհը՝ կապված Արզնի–Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա ՀԷԿ կառուցելու մտադրության հետ: Այն կառուցելու է «ԳԱՀԱ էներջի» ընկերությունը:

Բնակիչների մտահոգությունը կապված էր այն փաստի հետ, որ ՀԷԿ-ի կառուցման արդյունքում իրենց ոռոգման ջուրը նվազելու է, ինչի արդյունքում վտանգվելու է գյուղացիների խնձորի այգիների ճակատագիրը:

Նշենք, որ «ԳԱՀԱ էներջին» ժամանակին գյուղի ավագանու հետ համաձայնության է եկել համայնքի տարածքով 400-500 մմ-անոց խողովակներ անցկացնել։ Բայց հիմա ընկերությունը պատրաստվում է եռակի անգամ մեծ տրամագծով խողովակներ տեղադրել, ինչի պատճառով էլ բնակիչները մտահոգված են, թե ՀԷԿ-ը ջրամբարից բավականին մեծ ծավալով ջուր կվերցնի, որը կնվազեցնի իրենց ոռոգման ջուրը:
Երեկ զայրացած բնակիչներին հանգստացնելու և լռեցնելու, խնդիրը լուսաբանելու համար գյուղացիների հետ հանդիպեցին պաշտոնյաներ, բնապահպան ակտիվիստներ և այլք:

ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը նրանց շարքում էր: Նա նշեց, որ խնդիրն այս պահի դրությամբ կարգավորված է, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հանձնարարությամբ հանձնաժողով է ստեղծվել, որը կուսումնասիրի խնդիրը, ՀԷԿ-ի շինարարության համար բերված տեխնիկան հանվել է տարածքից և այլն: Բայց միևնույն ժամանակ պատգամավորը իր զարմանքն է հայտնում հետևյալ հարցի վերաբերյալ. «Նման ծախսերը անել սահմանափակ քանակի ջրի պաշարի վրա, ես չեմ հասկանում: Միգուցե հույս ունեն Սևանի՞ց բերեն ջուր օգտագործեն»:

Aravot.am-ը հետաքրքրվեց` այդ դեպքում «ԳԱՀԱ էներջի»-ի շահագրգռվածությունը ո՞րն է: Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ հասկանում, բայց մյուս կողմից էլ նա կարող է և չբացատրել: Դա իր իրավունքն է: Ապարանի ջրամբարը այն ջրային պաշարը չէ, որի վրա նպատակահարմար է ներդրում անելը: Այստեղ խոսքը 30 միլիոն խմելու ջրի մասին է, որը 30 միլիոն կիլովատ էներգիա է մոտավորապես: Ապարանի ջրամբարի պաշարները սահմանափակ են և գնալով պակասում են: Ուստի դրա համար այդքան ծախս անելը ինձ համար անհասկանալի է»:

Լյովա Խաչատրյանը, ի հակադրումն բնակիչների մտահոգության, նշեց, թե «ԳԱՀԱ էներջի»-ն համայնքին ոչ մի վնաս չի տալիս:

Իհարկե, դեռ պարզ չէ, ՀԷԿ-ը կկառուցվի թե, ոչ, քանի որ ըստ «Սևան Հրազդան» ՋՐԱՌ ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանի, ով այս հարցով հանձնաժողովի անդամ է, կառուցապատողը պարտավորվել է վերանորոգել արագահոսը, որով ոռոգման ջուր է մատակարարվում գյուղացիներին, այնուհետև կառուցել ՀԷԿ: Բայց հնարավոր է նաև չկառուցվածի` իր հայեցողությունից ելնելով: Փաստորեն ժամանակն ու կառուցապատողի հայեցողությունը ցույց կտան, կբավարարվի՞ Օհանավան և Կարբի համայնքների բնակիչների պահանջը, թե` ոչ:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31