Առողջապահության նախարարության` կանանց միամսյակի առթիվ նախաձեռնած անվճար բուժօգնության ծրագրին միացել է նաեւ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ իրենք աշխատաոճի մի փոքր այլ ձեւ են ընտրել. «Քանի որ, եթե մենք մեր կենտրոնում ընդունենք մարդկանց, ովքեր բոլորը պետք է անվճար հետազոտվեն, մեր աշխատանքը ուղղակի չի կարող որակ ունենալ եւ կայանալ:
Մենք ընտրել ենք երկու բժշկական կենտրոն, որտեղ մենք կիրականացնենք մեր հետազոտությունները եւ նրանց մեջից ընտրություն կկատարենք այն կանանց, ովքեր խնդիրներ ունեն: Եթե մենք հայտնաբերենք այս կամ այն չարորակ ընթացք ունեցող գոյացություններ կամ կասկածելի, մենք նման կանանց կհրավիրենք մեր կենտրոն եւ այս միամսյակի ընթացքում կպարտավորվենք իրենց անվճար մամոգրաֆիկ հետազոտությունը իրականացնելու: Իսկ եթե կինը կանցնի հետազոտությունը, եւ չեն գտնի լուրջ խնդիր, ինքը ուղղակի կիմանա, որ մյուս տարի նորից պետք է հիշի, որ ինքը պարտավոր է հետազոտությունը անցնելու»:
Կենտրոնները, որոնք ընտրել են նախարարությունը եւ քաղաքապետարանը, «Դավիթ Անհաղթ» բժշկական կենտրոնի տարածքում գտնվող պոլիկլինիկան է եւ համար 17 պոլիկլինիկան. «Մեր մասնագետները կաշխատեն երեքշաբթի օրերը «Դավիթ Անհաղթ» պոլիկլինիկայում, իսկ ուրբաթ օրերը` համար 17 պոլիկլինիկայում: Մասնագետները տեղում հետազոտությունը կիրականացնեն, սա կլինի սկրինինգային ծրագիր, որը թույլ է տալիս 25-ից բարձր տարիքի բոլոր կանայք, ովքեր նույնիսկ խնդիրներ էլ չունեն, կարող են, իհարկե, մոտենալ, սկրինինգ անցնելու համար, սակայն բժիշկն էլ սահմանափակ հնարավորություններ ունի, պետք է կարողանա ապահովել հետազոտության որակ, դրա համար մենք կհերթագրենք, երեւի թե, տեղում արդեն կտեսնենք` ինչպես է, ինչ է կատարվում»:
Կենտրոնի մասնագետները Երեւանում հետազոտությունները կանցկացնեն մարտ ամսվա ընթացքում, իսկ մարզերում` ապրիլ ամսվա. «Մենք ունենք նաեւ նախադեպը. մենք արդեն 42 անգամ գնացել ենք հանրապետության հեռավոր գյուղեր ու շրջաններ: Հիմա էլ պարտավորվում ենք գնալ, սակայն հնարավորությունները մեզ թույլ չեն տալիս ամբողջ ամսվա ընթացքում դա անելու: Մեր հետազոտությունները կշարունակվեն եւ մենք կայցելենք մեր հեռավոր մարզերը եւ գյուղերը: Սակայն կհամարենք, որ սա հանդիսանում է այս նախաձեռնության շարունակությունը, որպեսզի կարողանանք դարձյալ որակ ապահովել, որովհետեւ սա քաղցկեղի կանխարգելման ծրագիր է, որը պահանջում է մեծ ուշադրություն, մեծ ուժեր, դրա համար ավելի լավ է մենք սա անենք երկու ամսում, բայց անենք պատվով»:
Կարդացեք նաև
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ