Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկաբույժների գործով ցուցմունք տվեց երեխային կորցրած մայրը (տեսանյութ)

Մարտ 07,2014 17:11

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունքներ տվեցին մանկաբույժների անգործության հետեւանքով (ըստ մեղադրանքի կողմի) մահացած 2-ամյա Լիա Միսակյանի ծնողները՝ Գեորգի Միսակյանն ու Աշխեն Բաբայանը: Թե հոր եւ թե առավելապես մոր ցուցմունքների ժամանակ, դահլիճում գտնվեցին մարդիկ, որոնք անգամ արտասվում էին: Գեորգի Միսակյանի ցուցմունքից հետո պաշտպանական կողմը հակասություններ տեսավ նախաքննության ժամանակ տված ցուցմունքի միջեւ, մասնավորապես՝ դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին ջերմություն իջեցնող ներարկումների դրվագում, թե քանի անգամ են ներարկումներ կատարվել:

Դատարանն էլ տեսնելով այդ հակասությունը, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ հրապարակեց տուժողի իրավահաջորդի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը: Ի դեպ, Արաբկիր համայնքի դատախազի տեղակալ, մեղադրանքը պաշտպանող պարոն Կարապետյանը նկատեց, որ այստեղ հակասություն չկար եւ ասաց. «Ջերմ իջեցնողը չպիտի տրվեր դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, ոչ նպատակահարմար է եղել», ինչին արձագանքեց դատավորը՝ Լեւոն Ավետիսյանը, որը դատախազին հարցրեց՝ անցնում եք գնահատման փո՞ւլ: Դատավորը նույնպես հարցեր ուներ Գեորգի Միսակյանին: Նա հարցրեց, թե «Արաբկիր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի մանկաբույժներից ո՞վ է առաջինը քննել երեխային: Տուժողի իրավահաջորդը պատասխանեց՝ ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանը: Հայրը նաեւ հաստատեց, որ բաժանմունքն էլ, որտեղ պետք է երեխան մնար, դարձյալ որոշել է բժշկուհին:

Դատարանում ցուցմունք տված երեխայի մայրը՝ Աշխեն Բաբայանը, ասաց, որ իր համար բավական դժվար է հիշել այդ ամենը, քանի որ իր տեսադաշտից երեխան չի հեռանում: Նա հուզվեց, եւ դատարանը ընդմիջում հայտարարեց: Աշխեն Բաբայանն ասաց, որ դեկտեմբերի 30-ին իր երեխայի մոտ ջերմության անկայունություն է տեսել, երեխան հետ է տվել, նրա մոտ գրիպային վիճակ էր, կրիտիկական ոչինչ չկար եւ, ըստ նրա՝ սովորական գրիպային վիրուս էր: Նա ջերմիջեցնող է տվել, իջել է ջերմությունը, երեխան ուզել է ջուր, հաց եւ քիչ հետ նա տեսել է երեխայի բիբերը վերեւ բարձրացած, դող, ու վախեցել է: Մայրն ասաց, որ 3 երեխա ունի եւ ոչ մի նման դեպք չի եղել, ուստի անհանգստացել է, խառնվել: Ուշքի է բերել երեխային, բերանից արյուն էր գալիս, քանի որ լեզուն կծել էր: Կանչում են շտապօգնություն, նրանք դիմեդրոլ են տալիս եւ ծնողների ցանկությամբ երեխային տեղափոխում են «Արաբկիր» ԲԿ:

«Հերթապահ բժշկուհին էր՝ Լիլիթը: Թոքերը լսեց, նայեց կոկորդը՝ թեթեւ կարմրած էր, ասաց կարիք չկա ռենտգենի: Մեզ տեղափոխեցին 4-րդ պալատ, չափեցին երեխայի տաքությունը: Նա ուներ բարձր ջերմություն՝ 38,5: Նշանակեց ջերմը իջեցնող եւ քիթը մաքրող դեղ: Երբ պալատ գնացինք, միացրին կաթիլային, իսկ ջերմությունը իջել էր 37, կարգավորվել էր եւ բուժքույր Լարիսան ասաց՝ դա նորմալ է»,- ասաց Ա. Բաբայանը: Եվ քանի որ իրենց 10 ամսական երեխային խնամող չկար, մայրը խնդրել է, որ երեխայի մոտ մնա հայրը: Արտառոց բան չի եղել: Առավոտյան տեսել է բժշկուհուն, հարցրել է ինչպես է երեխայի վիճակը: «Ասացի նորմալ, տաքության տատանումներ են եղել»,- պատմեց մայրը:

Նա նաեւ մյուս բժշկուհու՝ Զարինե Այվազյանի հետ կապված ասաց, որ նրա հերթապահության օրը ամբաստանյալը հարցրել է, թե ինչպես է երեխայի վիճակը, ինքը ներկայացրել է: Նշանակել է քթի մաքրող: Մայրը հայտնել է բժշկին, որ կոկորդի հետ կապված՝ անհանգստություն ունի: «Բժշկուհին ասաց դա վիրուսային ֆոն է, կաթիլայինով կկարգավորվի: Կանգնած էինք դռան շեմին, երեխային հեռվից նայեց»,- շարունակեց Ա. Բաբայանը:

Ի դեպ, հայրը Զարինե Այվազյանի հետ կապված ասաց, որ իր՝ հիվանդասենյակում գտնվելու ժամանակ նա չի այցելել , իսկ ինքը անհանգիստ է եղել եւ դիմել է ապահովագրական ծառայությանը, ասելով՝ «օրդինատորները երեխայիս կյանքի հետ են խաղում», որտեղից պատասխանել են, թե «նրանց տարիքին մի նայեք, նրանք ամեն ինչ կանեն»:

Դատախազի հարցերից մեկն այն էր, թե արդյոք Գեորգի Միսակյանը իրավամբ տեսե՞լ է մանկաբույժ Զարինե Այվազյանին, արդյոք նա՞ է եղել հերթապահ բժիշկը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31