Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային-մաքսային վարչարարությունը խանգարում է, որ բիզնեսն աճի

Մարտ 07,2014 17:03

Տեղական շուկայի սահմանափակությունը, բարձր որակավորված աշխատուժի

պակասը, հարկային-մաքսային վարչարարությունը, հասանելի ֆինանսավորման սահմանափակությունը խոչընդոտում են ընկերությունների տնտեսական աճին: Այսպիսի հետեւություն են արել «Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի» հեղինակները, որոնք տնտեսական աճի հնարավոր սահմանափակումների վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով հարցումներ են իրականացրել տեղական ընկերությունների շրջանում: Գործարարները նշել են, որ այդ ամենը խոչընդոտում է աճի համար ներդրումներ իրականացնելու իրենց պատրաստակամությանը:

Զեկույցի հեղինակները փաստում են, որ, ճիշտ է, Հայաստանը չունի բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց պակաս, սակայն, որակյալ մարդկային ռեսուրսների առաջարկի ներկայիս մակարդակը տնտեսական աճի առանցքային սահմանափակումներից է: Ըստ վիճակագրության, մեր երկրի բնակչության (համապատասխան տարիքային խմբի) կեսից ավելին ունի բարձրագույն կրթություն:
Հայաստանն այս ցուցանիշով նույնիսկ գերազանցում է ավելի բարձր եկամտի

մակարդակ ունեցող մի շարք երկրների: Սակայն շրջանավարտների շրջանում կատարված հարցումները ցույց են տվել, որ գյուղատնտեսության ոլորտի շրջանավարտների 70%-ը եւ բժշկական ոլորտի շրջանավարտների 50%-ը չեն աշխատում իրենց մասնագիտությամբ:
Աշխատանքի եւ ուսման բնագավառների միջեւ անհամապատասխանությունը
հիմնական մասնագիտացումների դեպքում կազմում է մոտ 30%:

Զեկույցի հեղինակները հիմք ընդունելով այս փաստը, եկել են այն համոզման, որ

մեր երկրում աշխատուժի հետ կապված խնդիրներն արմատապես կապված են որակի հետ. «Գործատուների հարցման համաձայն, 17 ընկերությունների ղեկավարների 90%-ը կարծում է, որ աշխատուժի որակի ներկայիս մակարդակը կարող է իրենց ոլորտի աճի խոչընդոտ հանդիսանալ: Գերակշռող է այն տեսակետը, որ ընդհանուր առմամբ, շրջանավարտները պատրաստ չեն աշխատելու իրենց մասնագիտական ոլորտներում՝ ինչպես տեսական, այդպես էլ գործնական գիտելիքների եւ հմտությունների պակասի պատճառով: Այսպիսով, մեծ ճեղքվածք կա կրթական համակարգի կատարելագործվածության մակարդակի եւ տնտեսության իրական պահանջարկի միջեւ»,-ասված է զեկույցում:

Որպես լրացում, զեկույցի մասնագետները նշել են, որ աճի սահմանափակումների վերաբերյալ շրջանավարտների շրջանում վերջերս անցկացված հարցման արդյունքներով՝ բարձր որակավորում ունեցող աշխատուժի պակասը ընկերությունների աճի երկրորդ կարեւորագույն
խոչընդոտն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31