«Ղրիմի հետ կապված վերջին դեպքերը եւ Ղրիմի խորհրդարանի որոշումը ինչով էլ ավարտվի, դա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ ԼՂ հարցի վրա»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Նրա համոզմամբ, եթե Ղրիմում հանրաքվեն անցկացվի եւ Ղրիմը միանա Ռուսաստանին՝ որպես ՌԴ սուբյեկտ, ապա այդպիսի միավորների թվի շատացումը որեւէ կերպ չի բերի մեր խնդիրների լուծման. «Վերջին հաշվով չմոռանանք, որ Ղրիմի խնդիրը ՌԴ-ն ստեղծել է՝ Կիեւի որոշումների վրա ազդելու համար եւ դեռեւս անհայտ է, թե ինչ կլինի: Մինչեւ ամսի 6-ը ժամանակ էր տրվել, որպեսզի ռուսական զորքերը վերադառնան իրենց բազաներ, իսկ ամերիկյան ավիակիրները արդեն մտնում են Սեւ ծով: Հետեւաբար Ղրիմի խորհրդարանի կողմից նշանակված էր 16-ին հանրահավաք, այն դեպքում, երբ Ղրիմի խորհրդարանի այդ որոշման հարցը Ուկրաինայի դատախազությունը միջազգային դատական կարգով համարել է անիրաչափ որոշում եւ արձակվել է այդ խորհրդարանը: Մենք հիմա գործ ունենք մի խառնակ իրադրության հետ, երբ ռազմական քայլերն ավելանում են, քաղաքական կրքերը՝ թեժանում: Ինչով դա կավարտվի՝ դժվարանում եմ ասել, բայց հաստատ դա որեւէ լուրջ եւ իրական ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան խնդրի հետ: Տվյալ պարագայում հակամարտության կողմը ՌԴ-ն է, ում ցանկանում է միանալ Ղրիմը: Ասել, որ Ռուսաստանը Ղրիմը ճանաչելով՝ ճանաչելու է նաեւ Ղարաբաղը՝ դա միամտություն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ