Այսօր մի երեւույթ է տեղի ունենում, որը կոչվում է ինտելեկտի ֆեմինիզացում, որովհետեւ շուկան ավելի շատ կանչում է տղամարդկանց, այսինքն՝ բիզնեսով զբաղվելու, գիտությամբ եւ կրթությամբ ավելի շատ կանայք են զբաղվում»,-այսօր «Անալիտիկ» ակումբում նման կարծիք հայտնեց հասարակական գործիչ, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նրա դիտարկմամբ` կա երկու բեւեռ` ուժի եւ գումարի, գիտելիքի եւ ինտելեկտի բեւեռ. «Կարեւորը այս երկուսը չբախվեն միմյանց, այլ լրացնեն իրար, եթե ԱԺ-ում, կառավարությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում գիտելիքի պահանջարկ լինի, այդ դեպքում կանայք իրենց տեղը կզբաղեցնեն հաստատ»:
Տիկին Դանիելյանի դիտարկմամբ, այսօր խտրականությունը կա ինտելեկտի նկատմամբ. «Գիտելիքի պահանջարկը չկա, սա է խնդիրը, թե ինչո՞ւ են կանայք քիչ իշխանության մեջ, որովհետեւ իշխանության մեջ ուրիշ մեխանիզմներ են գործում»:
«Այ, որ ասում են, կնգա շառ, դու ես».- տիկին Դանիելյանին են ասել կոլեգաները, երբ նա բնապահպանության նախարար էր, եւ վարչապետին հակադարձել է:
Կարդացեք նաև
Այս մասին մանրամասն` տեսանյութում
Ասուլիսի մեկ այլ բանախոս, հասարակական-քաղաքական գործիչ, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ այսօր առանց կնոջ որեւէ ոլորտ դժվար է պատկերացնել: Տիկին Ալավերդյանի խոսքերով, ինքը ոչ էլ դժվարանում է տնային ու հանրային գործերը կատարելու հարցում, նույնիսկ հակառակը. «Ես կարող եմ ցանկացած տնային տնտեսուհուց մի քանի անգամ արագ անել գործերը: Մեթոդը գիտեմ, կարող եմ սովորեցնել, կոչվում է ինտենսիվ մեթոդ` 3 գործ միաժամանակ ես անում, կոմպյուտերն էլ դրած` նայում եմ, որ իմանամ ինչ եք գրել մեր մասին: Հիանալի է, երբ դու ընդգրկված ես, պահանջված ես»:
Տիկնայք միասին այն կարծիքը հայտնեցին, որ միջազգային պահանջներին ենթարկվելով Հայաստանում ֆորմալ մոտեցում է դրսեւորվում գենդերային հավասարության հարցում. Կանայք, որոնք իրենց տեղը գտել են հանրության մեջ, խնդիրներ են բարձրացնում, ընդունված են, տղամարդիկ այնքան էլ հաճույքով չեն այդ կանանց ներգրավում իշխանական կառույցների մեջ. «Իսկ այն կանանց, որոնք կլսեն եւ կենթարկվեն, իրենց կընդունենք: Այսօր կանանց ակտիվ մասը զբաղվում է, մի բան է անում, բայց նրանց տեղը պաշտոնները գրավում են այլ տիպի կանայք: Այնքան, որ թիվը լինի` միջազգային կառույցների պահանջված: Բիզնեսը սերտաճած է քաղաքականության հետ, այս պատճառով էլ կանայք չեն կարողանում իրենց արժանի տեղը գրավել: Բիզնեսի սերտաճումը իշխանության հետ, բերում է նրան, որ իրենք դուրս են մղվում այդ ոլորտից եւ որոշումներ կայացնելուց»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ