«Սկսվում է կանանց միամսյակը , որտեղ, ցավոք, ներառված չեն հաշմանդամություն ունեցող կանայք: Մեր կոչն է՝ ուշադիր լինել հաշմանդամություն ունեցողների հանդեպ, որովհետև, եթե կազմակերպվում է միջոցառում կանանց համար, պետք է հաշվի առնվի նաև այն փաստը, որ կան նաև խնդիրներ ունեցող կանայք: Հաշմանդամություն ունեցող կինը կին չէ՞: Այդ միջոցառումներից ոչ մեկը հասանելի չէ, օրինակ, տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող կանանց».-այսօր «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» գրասենյակում ասաց կազմակերպության նախագահ Զարուհի Բաթոյանը և ավելացրեց. «Մենք խոսում ենք ոչ միայն ֆիզիկական մատչելիության մասին, այլև՝ տեղեկատվական մատչելիության, որովհետև շատ ծրագրեր, վերապատրաստումներ, կրթական ծրագրեր պարզապես հասանելի չեն հաշմանդամություն ունեցողներին»:
«Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Սահակյանը խոսեց հաշմանդամություն ունեցող աղջկա կամ կնոջ ընտանիքում վերջինիս կատարած դերի մասին. «Եվ ընտանիքը, որտեղ ծնվում և ապրում է հաշմանդամություն ունեցող աղջիկ, կին, շատ ավելի խոցելի է, քան այն ընտանիքը, որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող տղա: Դրա նպաստում է նաև մեր հասարակության մեջ եղած սխալ կարծրատիպերը. կնոջն ու աղջկան ընտանիքներում վերաբերվում են՝ որպես ընտանիքի մյուս անդամներին օգնողի, որը ինքնուրույն ընտանիք չի կարող կազմել, երեխա ունենալ…Եվ շատ հաճախ կատարվում է հակառակը, մտավոր խնդիրներ ունեցող աղջկան ասում են, որ եթե ծնվել է, պետք է ամուսնանա, որն էլ հանգեցնում է ավելի բարդ խնդիրների: Եվ այս ամենը գալիս է ընտանիքների, ծնողների իրազեկվածության ցածր մակարդակից»:
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ